Նոր կառավարությունում կլինեն փոփոխություններ

Իշխանության վերնախավում այս օրերին քննարկվող հիմնական թեմաներից մեկը վերաբերում է նոր կառավարության ղեկավարին ու կազմին, որը նշանակվելու է ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապագա վարչապետի ամենահավանական թեկնածու է համարվում «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ նոր կառավարությունում լինելու են ոչ միայն նոր նշանակումներ, այլ նաեւ փոխատեղումներ:

Մասնավորապես, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշանակվելու է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանը նշանակվելու է փոխվարչապետի պաշտոնում:

Գործող կառավարության կազմից հեռացողների թվում է լինելու ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ում փոխարեն իշխանական վերնախավում ցանկանում են տեսնել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին:

Նույն տեղեկությունների համաձայն, պաշտոնին հրաժեշտ է տալու նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Դեռեւս հայտնի չէ, սակայն, թե ով է զբաղեցնելու կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը:

Անհայտ է նաեւ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետագա ճակատագիրը: Տեւական ժամանակ խոսվում էր, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո նա կարող է վերադառնալ նախկին’ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնին: Սակայն Տիգրան Սարգսյանն ինքը հասկացրել է, որ նման մտադրություն չունի»,- գրում է «168 ժամը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում