Րաֆֆի Հովհաննիսյան. «Այս քննարկումները նոր ժողովրդավարության հիմքն են»

Երեկ, մարտի 17-ին, Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հացադուլի իններորդ օրը, վերջինիս հրավերով Ազատության հրապարակում անցկացվեց քաղաքական, սոցիալական եւ մշակութային տարբեր հարցերի վերաբերյալ հանրային կարծիքի բարձրաձայնմանը միտված քաղաքացիական բաց խորհրդի առաջին հանդիպումը: Միջոցառման նախաձեռնողը լրագրող, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր, ում որպես բանախոս միացավ դասախոս Արա Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից: 

Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լեւոն Բաղրամյանը: Հարյուրավոր մարդիկ, անտեսելով անձրեւը, հավաքվել էին՝ լսելու բանախոսներին եւ քննարկելու օրվա թեման, որն առնչվում էր նորընտիր նախագահի կողմից կառավարության կազմավորման խնդրին:

«Այս քննարկումները նոր ժողովրդավարության հիմքն են»,- դիմելով հավաքվածներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով բոլոր մտահոգ քաղաքացիներին միանալ ընթացիկ խորհրդակցություններին: Նա հայտարարեց, որ ֆորումները կանցկացվեն Ազատության հրապարակում ամեն օր՝ ընդհուպ մինչեւ հինգշաբթի, ժամը 17:00-ին: Խորհուրդների շարքի բարձրակետը կդառնա Ազատության հրապարակում ուրբաթ օրը ժամը 18:00-ին կայանալիք մեծ հանրահավաքը:

Այսօր Ազատության հրապարակում ժամը 17:00-ին գումարվող քաղաքացիական բաց խորհրդի բանախոսը նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն է: Մինչ այդ, ինչպես կանխավ հայտարարվել է, ժամը 12:00-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը կտա մամլո ասուլիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում