Ինչու՞ է իշխանությունն այսքան բարյացակամ «Բարև» շարժման հանդեպ

Այսօր ասուլիսի ժամանակ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտնեց. «Իշխանությանը ձեռք է տալիս ներկայիս քաղաքական իրավիճակը, եթե չլիներ նման սրություն և «մրցակցություն», նախագահ Սերժ Սարգսյանն այնքան լեգիտիմ չէր լինի»:

Ըստ Կարապետյանի՝ «Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, որ իրեն կանչեն, մի բան առաջարկեն, բայց ոչ մի բան չի լինի, իշխանությունը չի զիջի:

Կարապետյանը ավելացրեց նաև. «Եթե հեղափոխոթյուն ուզենար մեկ այլ քաղաքական գործիչ աներ՝ կընդունեի: Բայց Րաֆֆին հեղափոխություն չի կարող անել, նա փորձում է ժողովրդին բարձրացնել, բայց նրա շարժումը՝ կամաց կամաց մարում է»:

«Իսկ ինչու՞ են իշխանության որոշ ներկայացուցիչներ այսքան բարյացակամ այս շարժման հանդեպ: Հանդիպում են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, հեռախոսազրուցներ ունենում», – ավելացնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ջերմ հարաբերություններ ունի մի քանի պաշտոնյանների հետ, մասնավորապես՝ Ոստիկանապետի:

«Նման գործելաոճ կար նաև Վրաստանում, երբ հեռացրեցին Շևարդնաձեին: Դա Արևմտյան սցենար է», – ասաց նա:

Կարապետյանի կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանին պատրաստում են նոր ընտրությունների, թեև պարզ չէ թե ով: Եվ այս պայքարի շարունակականությունը հաստատ իշխանություններին է պետք: 

Տիգրան Կարապետյանը նաև՝ չի բացառում, որ Հովհաննիսյանի առաջնորդող շարժումը իշխանությունների կողմից օգտագործվում է Երևանի ավագանու ընտրությունների օրակարգի համար: «Գուցե փորձ է արվում, որ նա ավելի շատ ձայն վերցնի, քան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը», – Նշեց Կարապետյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում