«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի անունը հայտնի կդառնա եռօրյա ժամկետում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը, մարտի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի մրցույթը, որի ընթացքում մրցութային միավորներ են հավաքել ընդամենը երեք թեկնածուներ:

«Թափուր պաշտոնի համար հայտ էին ներկայացրել 11 թեկնածուներ, որոնցից մեկը չեր ներկայացել մրցույթին, մեկի տվյալները, աշխատանքային գործունեությունը չէին համապատասխանում մրցույթի առաջադրած պահանջներին, մեկը չէր հանդիսանում ՀՀ քաղաքացի»,- նշեց Հակոբյանը: Նրա խոսքով’ երեք թեկնածուներից Գառնիկ Շարոյանը անցել է մրցութային շեմը’ 70,8 միավորով, Վարանցով Բարսեղյանը’ 70,85, իսկ Հրաչյա Հովակիմյանը’ 98,1 տոկոսով:

ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի պատասխանատուն տեղեկացրեց, որ եռօրյա աշխատանքային օրվա ընթացքում Բնապահպանության նախարարը մրցութային շեմն անցած թեկծանուներից մեկին կնշանակի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնում:

Հրաչյա Հովակիմյանը 2012 թվականի դեկտեմբերի 10-ին նշանակվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում