Նոր մանրամասներ Սարգսյան-Հովհաննիսյան հանդիպումից. Սարգսյանը մերժել է Հովհաննիսյանի երեք առաջարկները

Ինչպես արդեն տեղեկացվել է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նախագահական ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները:

Ըստ Սերժ Սարգսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է անցկացնել նախագահական նոր ընտրություններ, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դրա համար որեւէ հիմք չկա: Նաեւ ասել է, որ եթե նման ընտրություններ ինչ-որ հրաշքով տեղի ունենան, արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ կզբաղեցնի 4-րդից բարձր տեղ, քանի որ նոր ընտրությունները նշանակում է՝ նոր թեկնածուների առաջադրում:  Այս մասին գրում է Aravot.am-ը:

Դրանից հետո, ըստ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ այդ ընտրություններին պետք է մասնակցեն միայն ինքը եւ գործող նախագահը: Դրա համար վերջինս նույնպես հիմք չի գտել, բայց դարձյալ ենթադրություն է արել: Ենթադրենք, այդպիսի ընտրություններ տեղի են ունենում եւ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ ինքը՝ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանում է քվեների 45 տոկոսը: Այդ դեպքում ինքը կարո՞ղ է 20 հազարանոց հանրահավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում եւ հայտարարել, որ ընտրությունները կեղծված են: Այդ դեպքում նոր ընտրություննե՞ր պետք է կազմակերպվեն: Եվ որքա՞ն պետք է շարունակվի այդ շղթան: Ինչպես լրագրողներին պատմեց Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է նոր խորհդարանական ընտրություններ, ինչին գործող նախագահը պատասխանել է, որ Սահմանադրությունը դրա համար նախատեսում է հատուկ պայմաններ, որոնք այս իրավիճակում բացակայում են: Սերժ Սարգսյանը նշել է, որ չի կարող դիմել ապօրինությունների, նաեւ չի էլ կարող ստիպել բոլոր պատգամավորներին՝ վայր դնել իրենց մանդատները, ինչին, ըստ գործող նախագահի, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ ոչ մի պատգամավոր չի կարողանա դեմ գնալ գործող նախագահի կամքին:

Այդ երեք մերժումները ստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ պետք է այնուամենայնիվ ինչ-որ համապետական միջոցառում, որը կհարթեցնի խնդիրը: Այդպիսի միջոցառումը, Սերժ Սարգսյանի կարծիքով, կարող է լինել նոր Սահմանադրության հանրաքվեն, որի նախագիծը կկազմի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: Գործող նախագահը հայտնեց լրագողներին, որ դրա վերաբերյալ ինքը գրավոր առաջարկ է ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ որպես պատասխան ստացել է իր ուղարկած թուղթը՝ վրան խաչ քաշած: Սերժ Սարգսյանի ներկայացրած այլ մանրամասները հանդիպումից՝ հաջորդիվ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում