Տեղեկատվությունը կեղծ է եղել. Ա. Ղուկասյանը չի գլխավորի «Հայազնի» ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններում
Նմանատիպ
«Հայազն» նորաստեղծ կուսակցության անունից այսօր lhayazn@yahoo.com էլեկտրոնային հասցեից նամակ է ուղարկվել լրատվամիջոցներին, համաձայն որի կուսակցությունը մասնակցելու է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ կուսակցության ցուցակը պետք է գլխավորի Անդրեաս Ղուկասյանը: Ըստ նամակի, երկրորդ տեղում պետք է լինի Արմեն Աղայանի անունը, այնուհետ` Արմեն Հովհաննիսյանի, իսկ չորրորդ տեղում է Դավիթ Խոսրովյանի անունը: Նշենք, որ այս երեք մարդիկ «Հայազն» կուսակցության անդամներ են: Նամակը նաեւ տեղեկացրել է, որ կուսակցության համամասնական ցուցակում կլինեն մտավորականների, հասարակական գործիչների անուններ:
Արմեն Աղայանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ տեղեկատվությունը սուտ է: Տեղեկատվությունը հերքել է նաեւ Անդրեաս Ղուկասյանը:
«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում զետեղել է հետեւյալ հայտարարությունը.
«Հարգելի Տիկնայք և Պարոնայք,
«Հայազն» կուսակցության անունից հաղորդագրություն է տարածվել կուսակցության քաղաքային ընտրություններին մասնակցելու որոշման վերաբերյալ և նշվել են կոնկրետ թեկնածուների անուններ:
Որպես «Հայազնի» Մամուլի և հանրության հետ կապերի պատասխանատու հայտնում եմ, որ այդ հաղորդագրությունը կեղծ է և ուղարկված է մեզ հետ կապ չունեցող <lhayazn@yahoo.com> էլեկտրոնային փոստի հասցեից:
Խնդրում եմ այդ կեղծ լուրը զետեղած կայքերին և ԶԼՄ-ներին՝ շտապ հանել այն շրջանառությունից:
Հարգանքով
Արմեն Հովհաննիսյան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում