Տ. Մարգարյան. Գրավաճառները կվերադառնան նախկին տարածք
Նմանատիպ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ անձամբ է հանդիպել գրավաճառների ներկայացուցիչների հետ և հետագա ժամանակավոր գործունեության համար առաջարկել այլընտրանքային երկու տարածք՝ Ձկան խանութի հարևանությամբ կամ Մալիբու սրճարանի հարակից գետնանցումներում:
Ավելին, քաղաքապետն առաջարկել է քննարկման համար ներկայացնել նաև հնարավոր այլ տարածքների տարբերակներ: Տնտեսվարողների կողմից առաջարկվող տարածքներից մեկը մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի շատրվանների հարակից հատվածն է, ինչը, քաղաքապետի խոսքով, նպատակահարմար չէ, քանի որ մի քանի ամսից արդեն այդ տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու, և խնդիրը կրկին առաջանալու է:
Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի հարակից այգու տարածքում կրպակներ տեղադրելու առաջարկը միանշանակ մերժվել է քաղաքապետարանի կողմից: Տնտեսվարողները խոստացել են ընտրություն կատարել և այդ մասին տեղեկացնել քաղաքապետին:
Քաղաքապետը նաև նշել է, որ նախկին տարածքի սեփականատերը պատրաստակամ է, նորոգման աշխատանքների ավարտից հետո նույն տարածքում կրկին գրքի վաճառքի առևտուր կազմակերպել, ուստի գրավաճառները հետագայում հնարավորություն կունենան վերադառնալ նախկին տարածք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում