ՊԵԿ-ի ճնշումները հաճախակիացել և ուժգնացել են
Նմանատիպ
Տարբեր աղբյուրներից «Ժամանակին» հայտնի է դարձել, որ այս օրերին ՊԵԿ տեսուչները կանգնեցնում են ապրանք փոխադրող մեքենաները և ստուգում հաշիվ-ապրանքագրերի առկայությունը, հաճախակի են դարձել հարկային մարմնի տարեկան ստուգումները պլանում չներառված հարկ վճարողների մոտ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները: Որպես ստուգման հիմք՝ ներկայացվում է ոմն քննիչի «Մասնագիտական ստուգում նշանակելու մասին» որոշումը: Մինչդեռ, հարկ վճարողի պահանջի դեպքում չի ներկայացվում քննիչի որոշման կրկնօրինակը, ինչից պարզ կարող է դառնալ հատկապես «մասնագիտական» որ ուղղվածությամբ է ընթանալու ստուգումը:
«Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժամանակի» հետ զրույցում հաստատել է, որ վերջին շրջանում ՊԵԿ հսկողությունը խստացվել է այն աստիճանի, որ դա կարելի է որակել որպես ճնշում: Թեև ՊԵԿ ստուգումները օրենքով տարեկան 1 անգամ են թույլատրված, հարկային տեսուչները գտել են այլընտրանքային տարբերակ. նրանք իրականացնում են ոչ թե ստուգումներ, այլ՝ ուսումնասիրություններ, որոնք, ի դեպ, տարբեր առիթներով են իրականացնում՝ առանց դադարի, ու դա վերածվում է երկարաժամկետ գործընթացի՝ հարակից բոլոր բարդություններով:
Ըստ Մակարյանի՝ դա շատ հետաքրքիր է արվում՝ ոչ ցայտուն, բայց պերմանենտ կերպով: Հարկ վճարողները միաձայն նշում են, որ ստուգում/ուսումնասիրությունների խնդիրը լուրջ է, և այդ երևույթի լուծումը տնտեսվարողների կողմից համարձակ և հիմնավորված բողոքարկում է՝ մինչև վերջ գնալու սկզբունքով: Դրան կարող է նպաստել ՊԵԿ համակարգից նախաքննական մարմնի դուրսբերումը և անկախացումը: Սրա մասին պաշտոնյաները վաղուց են խոսում՝ հարկային բարեփոխումների շրջանակում, բայց մինչև օրս որևէ գործնական քայլ չի կիրառվել»,-գրել է «Ժամանակ»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում