Հուժկու համընկնում

Ռուսաստանյան «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը, նախօրեին
տված հարցազրույցներից մեկում անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը
Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությանը, նշել է, որ ռուսական կողմն այս հարցում որևէ ճնշում չի բանեցնում Հայաստանի վրա: «Ի սկզբանե ես՝ ինքս, Մաքսային միության
վերաբերյալ քննարկումներին մասնակցել եմ, և երբեք նման հարց չի քննարկվել: Այդ շանտաժն առաջին հերթին արվում է եվրաչինովնիկների կողմից»,- ասել է Ս.Կարախանյանը:
Ըստ «168 ժամի»՝ ուշագրավն այն է, որ երկու օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նմանատիպ հայտարարություն էր արել Սմբատ Կարախանյանի քննադատության հիմնական թիրախը՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային
միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող, չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում
եմ իրականության մասին»:
Ավելացնենք, որ Ս. Կարախանյանի կարծիքով՝ Հայաստանն ինքը պետք է շատ ջանքեր գործադրի,
որպեսզի արժանի լինի դառնալ Մաքսային միության անդամ, և որպեսզի Միության անդամները
համաձայնեն մեր երկիրը տեսնել իրենց շարքերում: Ուշագրավն այն է, որ Սմբատ Կարախանյանը
հանդիսանում էր և է Հայ ազգային կոնգրեսի՝ ռուսական իշխանական շրջանակների հետ կապն
ապահովող հիմնական «կուրատորը», ում հաճախ էին և են մեջբերում Հայաստանի ընդդիմադիր այդ ուժի առաջնորդները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում