Ս. Օհանյան.Մենք այժմ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում ենք, եւ ամեն տարաձայնություն իր ազդեցությունն ունենում է

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպել է մի քանի լրագրողների եւ պատասխանել նրանց հարցերին: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը: Ըստ աղբյուրի’ անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցող հետընտրական գործընթացներին’ նախարարը նշել է, որ դրանք չեն կարող ազդեցություն չունենալ առաջին գծի պաշտպանության վրա։ «Ցանկացած գործընթաց, որը տանում է հասարակության տարանջատման, միասնականության գաղափարի անկման, և ընդհանուր առմամբ, մեր իրականությունից ելնելով, քանի որ գտնվում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում, և ի վերջո տարաձայնությունների մասին տեղյակ են լինում նաև այն զինվորները, որոնք առաջին գծում են և մարտական հերթապահություն են իրականացնում, որոշակի չափով նաև թուլացնում են և մեր պաշտպանվողականության մակարդակը, համախմբվածությունը և հատկապես գաղափարական պատրաստակամությունը»,- ընդգծել է Օհանյանը։

Սեյրան Օհանյանն իր միտքը բացատրել ու հիմնավորել է այն հանգամանքով, որ հրապարակում զերծ չեն մնում բանակի վերաբերյալ տեղի և անտեղի կոչերից։ «Որովհետև, նման միջոցառումների ժամանակ հնչում են նաև տեղին և ոչ տեղին քննդատություններ բանակի վերաբերյալ, զինծառայողների վերաբերյալ, որքան էլ մենք աշխատում ենք կատարելագործել, ամրապնդել բանակում մարտունակությունը և այլն, մարդիկ են գտնվում, որ սկսում են գտնել ինչ-որ բաներ, ասենք նույնիսկ ամեն ինչ լավ է, հիշում են նախկին դեպքեր, վեր հանում դրանք», նշել է նա:

Անդրադառնալով մեկ այլ, ոչ ներքին քաղաքական թեմայի, Պաշտպանության նախարարը խոսել է ադրբեջանցի երիտասարդների՝ Ադրբեջանից քայլերթով անզեն Լեռնային Ղարաբաղի Ակնա (նախկին Աղդամ) քաղաք հասնելու մտադրության մասին։ Նախարարը տեղեկացրել է, թե այդպիսի հայտարարություններ մի քանի անգամ եղել է. «Եվ այսպես կիսատ է մնացել, որքան որ ես հիշում եմ»,- ասել է նա և հավելել, որ այդուհանդերձ երիտասարդների գալու դեպքում կլինի պահանջատերերի բախում։ «Տեղի կունենա շփման գծում պահանջատերերի բախում, այսինքն՝ նրանք պահանջում են ապրել մի այնպիսի տեղ, որը որ իրենց հայրենիքը չէ, իսկ մյուսը, որ իրենց հայրենիքն են պաշտպանում, ես նկատի ունեմ՝ մեր զինվորականները»,- հստակեցրել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում