ԵՄ-ի պատվիրակությունը բարձր է գնահատում հայկական կողմի կատարած աշխատանքը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Խորհրդի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ողջունելով հյուրերին՝ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկկողմ ջանքերի շնորհիվ արդեն մոտենում է եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Եվրամիության նպատակն է մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ հաջողությամբ ընթանում են նաև Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի և ԵՄ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլին Երևանում:

Արթուր Բաղդասարյանը և ԵՄ գլխավոր բանակցող Վիգանդը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը։

Անդրադարձ է կատարվել նաև Ասոցացման օրակարգի ձևավորման շուրջ քննարկումներին, որը փոխարինելու է Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրին: Վիգանդը բարձր է գնահատել հայկական կողմի կատարած աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում