Զամբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Մարտի 21-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդային (նստավայրը՝ Մոսկվա)’ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ’ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը հույս հայտնեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը’ կողմերը համատեղ ջանքերով կսերտացնեն ու կզարգացնեն հարաբերությունները’ արդյունավետորեն օգտագործելով առկա ներուժը, և որ դեսպան Հափունդան իր ներդրումը կունենա այդ գործում:

Շնորհակալություն հայտնելով նախարարին բարեմաղթանքների համար’ դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում