12-րդ օրը Ազատության հրապարակում. ամփոփ նկարագիր

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր հացադուլի տասներկուերորդ օրը, պատասխանելով լրագրողների հարցերին, վերահաստատեց իր նվիրումը ներկայումս Հայաստանում լայն թափ հավաքող ազգային մեծ զարթոնքին: Այս մասին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

«Մենք ամենուր ենք»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Եւ ամենուր մենք կպայքարենք: Մենք կհավաքվենք փողոցներում: Մենք կմասնակցենք ընտրություններին: Եւ շուտով, ես խոստանում եմ ձեզ, որ իշխանությունները ստիպված կլինեն հասկանալ, որ ժողովուրդը չի հեռանա. Հայաստանի քաղաքացիներն արդեն հռչակել են իրենց հաղթանակը»:

Հավարտ այս նախաբանի, Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրեց իր խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին՝ ներկայացնելու Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների՝ համընդգրկուն դաշինքով ներկայացող «Բարեւ, Երեւան» ցուցակը, որն այսօր «Բարեւահեղափոխություն» շարժումը հանձնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը, որն էլ շարժման քաղաքապետի թեկնածուն է:

Աննախադեպ թիմով ներկայացող ցուցակում ընգրկված են քաղաքական, քաղաքացիական եւ մշակութային գործիչներ, որոնց թվում են Ա1+ լրատվական գործակալության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը, դպրոցի նախկին տնօրեն եւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, երաժիշտ, մտավորական Արթուր Իսպիրյանը եւ բոլոր այն բնագավառների ներկայացուցիչները, ովքեր իրենց նվիրել են մայրաքաղաքը ետ վերցնելու եւ ժողովրդի հաղթանակը Երեւան բերելու գործին:

Դաշինքի մեջ ընդգրկվել են «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական Ուղի», «Պահպանողական» եւ «Շրջադարձ» կուսակցությունները: Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ), լինելով «Ժառանգություն» կուսակցությունից հետո առաջինը նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը սատարելու հարցում, այսօր եւս շարունակում է կանգնած մնալ շարժման կողքին:

Երեկոյան կայացավ քաղաքացիական խորհրդի հերթական հանդիպումը, որն այսօր անխուսափելիորեն արծարծեց Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների թեման: Որպես գլխավոր բանախոս հանդես եկավ Արմեն Մարտիրոսյանը, ում քիչ անց միացավ Դավիթ Սանասարյանը: Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լեւոն Բաղրամյանը:

«Ես հպարտ եմ այս պատմական իրադարձությանը մաս կազմելու համար»,- դիմելով Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների, ասաց Արմեն Մարտիրոսյանը: «Մայրաքաղաքում ժողովրդին իշխանության բերելու մեր պայքարում ես մշտապես կմնամ ճշմարիտ եւ հաշվետու ձեր առջեւ», – ընդգծեց բանախոսը:

Հիշեցնենք, որ վաղը՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը կանցկացնի մեծ հաղթահավաք, որի ընթացքում կներկայացնի 2013 թ. փետրվարի 18-ին դե ֆակտո իշխանությունների հանդեպ հաղթանակ տարած հայ ժողովրդի վերջնական պահանջները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում