Թ. Մանասերյան. «Առկա ռեսուրների արդյունավետ օգտագործման պարագայում կունենանք երկնիշ տնտեսական աճ»

«Նախագահական ընտրություններն, իմ կարծիքով, ցույց տվեցին, որ ձևավորվում է նոր քաղաքական մշակույթ. ըստ որում’ ոչ միայն երկխոսության հնարավորությունների ընդլայնման, այլ նաև քաղաքական հանդուրժողականության առումով, որն ակնհայտորեն իրենով կարող է փոխարինել փոխադարձ ատելությունն ու անձնական անհանդուրժողականությունը»,-«Ազգ» օրաթերթի փոխանցմամբ’ նշել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, որ, թեև, նախընտրական փուլում և ընտրությունների ժամանակ, որպես կանոն, տնտեսությունն ու գործարար աշխարհը սպասումների մեջ են և լուրջ ու մասշտաբային ծրագրերը հետաձգվում են, այնուամենայնիվ, դատելով պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից, հենց հունվար և փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի բարձր աճ է արձանագրել: «Մեր համոզմամբ, սա խոսում է այն մասին, որ գործարար աշխարհն ավելի վստահ է նայում վաղվա օրվան ու հնարավոր զարգացումներին և անգամ նախընտրական շրջանում լուրջ մտավախություններ չի արձանագրել հնարավոր ցնցումների իմաստով»,-եզրակացրել է Մանասերյանը:

Ըստ տնտեսագետի, հաշվի առնելով Հայաստանի տնտեսության և հայության մրցակցային առավելությունները, ինչպես նաև առկա մարդկային, բնական, արտադրական և ֆինանսական ռեսուրսները, բոլոր հիմքերը կան պնդելու, որ դրանց արդյունավետ օգտագործման պարագայում 7 տոկոս տնտեսական աճը կարող է լինել միայն հնարավորությունների ներքին սահման, իսկ իրականում’ հենց այս տարվանից պետք է ամեն ինչ անել գրանցելու երկնիշ տնտեսական աճ:

«Մենք ակնկալում ենք աշխուժացում շինարարության ոլորտում, որտեղ նախորդ տարիներին գրանցվել է շարունակական անկում, ավելի համարձակ ծրագրերի իրագործում՝ գյուղատնտեսության ասպարեզում: Արդյունաբերության բնագավառում անհրաժեշտ է անցում կատարել հիմնականում հանքարդյունաբերության հաշվին ստացվող տնտեսական աճից դեպի այլ ճյուղերի զարգացում, մասնավորապես դեղագործության, ադամանդագործության, ոսկերչության, մեքենաշինության, կոնյակագործության, գինեգործության, սննդի վերամշակման, թեթև արդյունաբերության և ոչ մետաղական հանքաքարի վերամշակման հաշվին: Ինչ վերաբերում է ճշգրիտ մեքենաշինությանն ու մյուս ճյուղերին, ապա դրանց զարգացումը պահանջում է ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ, այլև այդ ճյուղերը համապատասխան մասնագետներով սնուցող միջին մասնագիտական կրթության համակարգի ձևավորում և զարգացում»,-նշել է տնտեսագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում