Թե ինչու չգտնվեց առանցքը

Երեկ Հայաստանի վեց կուսակցություններ և մեկ դաշինք, մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեցին: Դրանք են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Առաքելություն» կուսակցությունը և «Բարև Երևան» դաշինքը:

«Հայկական ժամանակը» գրում է, որ վերջին նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված հերթական հետընտրական իրավիճակի պայմաններում, Երևանի ընտրություններին կուսակցությունների մասնակցության այսպիսի դասավորությունը, ցավոք միմիայն հիասթափության ու տարակուսանք կարող է առաջացնել, հատկապես այն կուսակցությունների գործողությունների նկատմամբ, որոնք իրենց համարում են ընդդիմադիր: Նախագահական ընտրություններում, ինչպես արդեն արձանագրվել է բոլոր այդ կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, ՀՀ քաղաքացիները միահամուռ «ոչ» ասացին իշխող կուսակցությանն ու նրա ղեկավարին: Եվ ահա այս իրավիճակում, բոլոր այն կուսակցությունները, որոնք ցանկանում են հեռացնել իշխանությունը բռնազավթած ուժին և երկրում հաստատել օրինական և ժողովրդի իշխանություն, համենայնդեպս անհոգնել հայտարարում են դրա մասին, պետք է որպես այդ ճանապարհին առաջին քայլ երևանցիներին հնարավորություն տային դա անել մայրաքաղաքում: Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի ավագանու ընտրություններին մասնակցեին՝ իշխող կուսակցությունն իր արբանյակով և մեկ դաշինք, որի մեջ կմտնեին բոլոր այն կուսակցությունները, որոնք խոսում են երկրում անօրինական իշխանություններին հեռացնելու մասին: Այդ դեպքում նրանք ընդամենը իրենց պարտքը կատարած կլինեին փետրվարի 18-ի ընտրություններում «գործ» արած ընտրողների հանդեպ և իրենք էլ կմիանային այդ «գործին»: Բայց ոչ: Նման բան տեղի չունեցավ: Դրա համար իհարկե իրենք այդ ուժերի ներկայացուցիչները երկարաշունչ քաղաքական բացատրություններ ունեն, որոնք սակայն միմիայն հիմնական պատճառը քողարկելու համար են: Իսկ հիմնական պատճառը մեկն է՝ Հայաստանի ընդդիմադիր ուժերի և քաղաքացիների «գործի» մեջ ոչ մի ընդհանուր բան չկա, ընդդիմադիրները, ճիշտ և ճիշտ իշխանությունների նման՝ չեն անում այն, ինչ իրենցից ակնկալում են քաղաքացիները:

Այնպես որ, մինչև մայիսի 5-ի ընտրությունը Երևանի ընտրողները իշխանական ուժի դեմ հնչած ստանդարտ նախաբաններից հետո, պետք է վայելեն ընդդիմադիրների կատաղի պայքարը իրար դեմ՝ ով է իսկական ընդդիմությունը թեմայով: Չմոռանանք նաև «այլընտրանքից» ամենասուր ընդդիմադիրին «կերտելու» մեկ անգամ արդեն տապալված տրյուկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում