Փնտրվում են օլիգարխներ

«Իրատես de facto» թերթի ճեպազրույցը ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի հետ.

«Խորհրդարանում օլիգարխներ կա՞ն:

Չգիտեմ, փնտրում ենք, հլը որ չենք գտնում:

Ինչպե՞ս եք փնտրում:

Ասենք’ պատգամավորական որոնումներ ենք կատարում, հարցումներ եւ, ճիշտն ասած, չենք կարողանում հայտնաբերել փաստաթուղթ, որ թիվ ներկայացնի:

Փաստաթղթի՞ն եք հավատում, թե՞ խորհրդարանի հայտնի դեմքերի ներկայությանը:

Իհարկե: Ճիշտն ասած, հարցի իմաստը չեմ հասկանում, ինչ ասել է օլիգարխ:

Բացատրություններից մեկն էլ այն է, որ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են:

Իսկ Ձեզ ի՞նչ ա թվում: Օրինակ, ես նախկինում եղել եմ բիզնեսմեն, հիմա էլ ունեմ փոքր բիզնես: Ձեզ ի՞նչ ա թվում, այսքան ժամանակ խորհրդարանում եմ, տեսել ե՞ք մի օրենքի նախաձեռնություն, որ իմ կամ մեր օգտին ենք արել: Մտածենք’ վա՜յ, ինչ անենք, որ մեզ համար լավ լինի, մեր գործերը լավ լինեն:

Անձամբ Ձեր առումո՞վ չի եղել, թե՞ ընդհանրապես:

Կարող է եւ բիզնեսի մարդիկ կան, բայց դա չի նշանակում, որ մարդիկ եկել են ստեղ, որ իրենց բիզնեսներին տիրություն անեն, իրենց անձնական հարցերը լուծեն: Ոչ մեկն իրեն թույլ չի տա օրենքի նախագիծ բերի, որ իր գործերը լավ գնան:
Ամեն ինչ վերեւներում են որոշում: Չէ, ի վերջո, դնում ենք, քննարկենք, չէ՞: Ես մեկ այլ բանի վրա եմ զարմանում. արդյո՞ք այստեղ ընդունված օրենքները ժամանակավրեպ չեն: Գուցե շատ լավն են, բայց ոչ մեր կարգավիճակով երկրի համար:

Եթե այդպիսի օրենքներ են ընդունվում, ԲՀԿ-ն ինչո՞ւ չի ըմբոստանում:

Իսկ ո՞վ ասաց, թե չի ըմբոստանում: Ըմբոստանում է այնքանով, որքանով ձայնի իրավունք ունի: ՈւՒրիշ ձեւով ո՞նց կարող է: ԲՀԿ-ն հստակ ասում է իր դիրքորոշումը:

Օրինակ, Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության անցկացման որոշման նախագծին ԲՀԿ-ն ինչո՞ւ «ձեռնպահ» քվեարկեց:

Ոչ մի խնդիր չկա: Նախագահը բոլորիս նախագահն է: Ի՞նչ է նշանակում «դեմ» կամ «կողմ»: Միեւնույն է, թե որտեղ կլինի ինաուգուրացիան, եթե որոշել են այդտեղ, թող լինի այդտեղ: Եթե որոշեն մեկ այլ տեղ, թող էնտեղ լինի: «Ձեռնպահ» ի՞նչ է նշանակում, միեւնույն է, որտեղ կլինի:

Քաղաքական իրավիճակները գնահատելիս եւս ԲՀԿ-ն երբեմն շա՜տ «ձեռնպահ» է:

Դրա մասին խոսվել ու ասվել է:

Այսի՞նքն…

Չեմ կարծում, որ կրկին ԲՀԿ-ի տեսակետը բարձրաձայնելու անհրաժեշտություն կա:

Պատկերացրեք, որ կա:

Հիմա այլընտրանքային ենք եւ ունենք մեր դիրքորոշումը, այսինքն’ իշխանություն չենք, ոչ էլ ընդդիմություն:

Այլընտրանքը ո՞րն է, ինձ կբացատրե՞ք:

Մենք մեր բոլոր շարժումների մեջ ազատ ենք: Եթե կառավարությունը նորմալ օրենք է բերել, ինչո՞ւ պիտի դեմ քվեարկենք: Իսկ եթե վատ օրենք է, ինչո՞ւ պիտի պարտադրված «կողմ» քվեարկենք: Լավ, մի հարց էլ ես տամ. ասում եք’ ԲՀԿ-ականները խուսափում են հարցերին պատասխանելուց, ինչո՞ւ:

Երեւի վախենում են:

Ինչի՞ց, ումի՞ց:

Երեւի ԲՀԿ ղեկավարի ճնշումներից (կամ էլ նրա առյուծներից):

ԲՀԿ ղեկավարը երբե՛ք չի ճնշել»,- մեջբերում է «Իրատես de facto»-ն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում