Նիկոլա Սարկոզին մեղադրվում է խաբեության մեջ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել Բետանկուրի գործով: Այս մասին հայտնել է Սարկոզիի փաստաբան Թիերի Էրզոգը՝ ընդգծելով, որ Սարկոզիին երեկ մի քանի ժամ հարցաքննել են Բորդոյի արդարադատության պալատում: Հաղորդում է ռուսական ИТАР-ТАСС լրատվականը:

Սարկոզիի փաստաբանը նշել է, որ իրենք մտադիր են բողոքարկել, քանի որ վերջինս իրավական տեսանկյունից անարդար որոշում է:

Հետաքննության տվյալներով՝ 2007 թվականին Նիկոլա Սարկոզին օգտվել է Ֆրանսիայի ամենահարուստ կին և L’Oreal-ի կայսրության ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրի առողջական վիճակի թուլությունից՝ նրանից գումարներ ստանալու համար, որոնք ծախսվել են իր նախընտրական կամպանիայի վրա:

Այդ գործով հետաքննությունը սկսվել է 2007 թվականին, տվյալ գործով անցնում են տասնյակ մարդիկ: Սարկոզին մինչև նախագահական լիազորությունների ժամկետի ավարտն օգտվում էր անձեռմխելիությունից: Սակայն այն բանից հետո, ինչ նա Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զիջեց Ֆրանսուա Օլանդին, Ֆրանսիայի իրավապահ մարմինները կրկնակի եռանդով են սկսել քննել այս գործը:

Սարկոզին առաջին անգամ հարցաքննվել է 2012 թվականի նոյեմբերին: Այն տևել է 12 ժամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում