ԲՀԿ լրջագույնս նախապատրաստվում է Երևանի ավագանու ընտրություներին

Ազգային ժողովում այսօր` մարտի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը կատարել է հետևյալ դիտարկումները:

Այսօր Հայաստանում տեղի են ունենում չորս զուգահեռ գործընթացներ. 

1. Նախագահական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման գործընթացը. կախված նրանից՝ ինչպիսի կառավարություն կձևավորվի, պարզ կդառնա, թե իշխանություններն ինչ վերաբերմունք ունեն նախագահական ընտրությունների ընթացքում ժողովրդի միանաշանակ պահանջած փոփոխությունների նկատմամբ:

2. Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները. վերջիվերջո դրանք պետք է ինչ-որ հանգուցալուծման հանգեն:

3. Խորհրդարանում տեղի ունեցող գործընթացները. ոչ իշխանական ուժերի կողմից նոր օրակարգի ձևավորման պահանջ է դրվում, որը ներառում է ընտրական օրենսգրքի փոփոխություն, մեծամասնական ընտրակարգի վերացում, նոր ընթացակարգերով համապետական ընտրությունների անցկացում, ինչպես նաև քննարկումներ սահմանադրական հնարավոր փոփոխությունների շուրջ:

4. Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները:

«Այս չորսը, թեկուզև զուգահեռ ընթացող, բայց իրար լրացնող և մեկը մյուսի վրա ազդեցություն ունեցող գործընթացներ են»,- ասաց Օսկանյանը:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, որին մասնակցում է նաև ինքը’ Օսկանյանը’ գլխավորելով ԲՀԿ ցուցակը, համոզմունք հայտնեց, որ իրենք երևանցիների կենցաղային խնդիրներին կկարողանան լուծում տալ, արագ վերականգնել Երևանի «աղճատված դիմագիծը», շատ արագ վերացնել փաստաթղթային քաշքշուկները, հեշտացնել ժողովրդի շփումը տեղական մարմինների հետ և այլն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում