Զարուհի Փոստանջյան. «Կեղծ երդմամբ ապրեցիք 5 տարի»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է արել Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում: Ըստ «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայության, հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի Սերժ Սարգսյան,

Օրեր առաջ փակ տարածության մեջ Ձեր կողմից ընտրված մի քանի լրատվամիջոցների սահմանափակ թվով ներկայացուցիչների մասնակցությամբ Բաղրամյան 26-ի տեսախցիկի առջև հայտարարություններ և հարցադրումներ արեցիք:

Հայտարարեցիք, որ երբեք կեղծ երդում չեք տվել: Չգիտեմ ովքեր են Ձեր իրավախորհրդատուները, բայց պետք է հայտնեմ, որ Ձեզ մեղադրող ակնհայտ, անվիճելի ապացույցների առկայության դեպքում հայտարարել, որ Դուք երբեք կեղծ երդում չեք տվել, վկայում է Ձեր կողմից ստելու մասին, և ևս մեկ անգամ ապացուցում, որ պատասխանատվությունից խուսափելը և ոչ ճիշտ պաշտպանական մարտավարություն որդեգրելը Ձեզ մղում է դեպի փակուղի:

5 տարի առաջ Դուք երդվել եք’ հայտարարելով հետևյալը. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ՝ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Պարո´ն Սարգսյան, Ձեր այդ երդումը կեղծ էր, և Դուք ստում եք: Դուք բազմիցս խախտել և անարգել եք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Ձեզ համար մարդը և նրա արժանապատվությունը որևէ արժեք չունեն: Դուք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունը դարձրել եք կախյալ, ավտորիտար, ոչ սոցիալական, ոչ իրավական պետություն, յուրացրել եք ժողովրդին պատկանող իշխանությունը:

Ստորագրելով Մադրիդյան սկզբունքները’ համաձայն որի՝ մեր պատմական հայրենիքի մի մասը պատրաստվում եք հանձնել Ադրբեջանին, և ստորագրելով Հայ-թուրքական արձանագրությունները, համաձայն որի՝ պատրաստվում եք օրինական ճանաչել Ցեղասպանության պտուղները՝ անտեսելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը’ հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում: Սա ոչ միայն երդմնազանցություն է, այլ նաև ծանր հանցագործություն:

Դուք Ձեր հայտարարության մեջ ընդունում եք, որ օլիգարխները Ձեր ցանկության դեպքում կարող են ունենալ Ձեր հովանավորությունը, եթե չցանկանաք՝ նրանց նկատմամբ կկիրառեք մահակ, և դա իրականություն է: Սակայն պետք է իմանաք, որ մահակ կիրառելը Հայաստանի Հանրպետությունում որևէ պաշտոնյայի լիազորությունների մեջ չի մտնում: Հայաստանի Հանրապետության նախագահը պարտավոր է բոլոր քաղաքացիներին վերաբերվել իր լիազորությունների շրջանակում՝ հավասար սկզբունքի մոտեցմամբ: Դուք նշում եք հարուստների մասին, բայց մոռանում եք, որ կապ չունի՝ և´ հարուստը, և´ ոչ հարուստը պետք է քաղցած չլինեն, պետք է հավասարապես օգտվեն կրթություն ստանալու և մշակույթի հետ հաղորդակցվելու հնարավորությունից:

Կեղծ երդմամբ ապրեցիք 5 տարի: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը մերժեց Ձեր կեղծ երդումը, Դուք նորից փորձ էք կատարում կեղծ երդվել՝ չգիտակցելով, որ Ձեր կեղծիքը բացահայտված է և անհանդուրժելի: Դուք պարտվել եք, տվյալ իրավիճակում եթե չեք ընդունում պարտությունը, հայ ժողովուրդը ապրիլի 9-ին կպարտադրի հաղթանակ և խաղաղություն»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում