Աշխարհի ցավով
21/04/2017 15:19
Նմանատիպ
Սիրտս կ’արյունի աշխարհի ցավով,
Որքա՜ն տառապանք, Աստվա՛ծ իմ, չորս դիս,
Կյանքի դաշտերեն փչող ամեն հով
Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս:
Անմեղ զոհերու արյունով եռուն
Հողը ոտքիս տակ կը մնա միշտ թաց
Եվ նոր ոճիրներ, իմ շուրջն ու հեռուն,
Կը ծնին մարդիկ արյունով հարբած։
Գլուխս ինչպե՞ս ես դնեմ բարձիս
Եվ ննջեմ խաղաղ, աներազ քունով,
Երբ անդին անքուն մոտիկ դրացիս
Կը հսկե զավկին հոգեվարքին քով։
Սուրի ու զոհի կը դառնան ավար
Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն
Եվ ոտքի կոխան՝ հասկեր անհամար,
Աշխատավորի քրտինքով օծուն։
Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
Երբ որ կը խլեն մարդիկ անվարան
Որբի մը բերնեն պատառը հացին։
Աստվա՛ծ իմ, որքա՛ն անարդար վճիռ․
Ես ինչպե՞ս կրնամ քար դնել խղճիս…
Կյանքեր թևաբեկ և շղթայակիր․
Աշխարհի ցավով հիվա՜նդ է հոգիս…
Մուշեղ ԻՇԽԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում