Լուծարել կառավարությունը՝ անմիջապես. մամուլ

«Եթե 7 տոկոս աճ գրանցած լինեին, մեր ազգաբնակչությունը դա կզգար իր կենցաղում՝ աշխատավարձի, թոշակի տեսքով, բայց ինչպես բոլորս, այնպես էլ, կարծում եմ, դուք՝ լրագրողներդ, շատ լավ գիտեք, որ որևիցե տնտեսական աճի զգացողություն մեր երկրում չկա: Ժողովուրդը բացարձակապես չի զգում այդ աճի ազդեցությունը, քանի որ այդ աճն իրականում չկա»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՍԴՀԿ ատենապետ, Աժ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ իր կարծիքը հայտնելով ՀՀ կառավարության գործունեության մասին երկուշաբթի օրը նախագահական նստավայրում կայացած մամլո ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված գնահատականի մասին:

Ընդհանուր՝ ասուլիսից ստացած իր տպավորությունը նա գոհացուցիչ չի համարել, քանի որ, ըստ Լ. Սարգսյանի, «տրված շատ-շատ հարցերի պատասխանները մեզ համար ուղղակի անընդունելի են, որովհետև մենք գիտենք ճշմարտությունը, իսկ այնտեղից հնչում էին ոչ օբյեկտիվ գնահատականներ, և խեղաթյուրվել էր ողջ իրականությունը»: «Ավելին՝ ես համարում եմ, որ այս կառավարությունը պետք է լուծարվի անմիջապես: Եթե Սերժ Սարգսյանը փորձում է այս կառավարության պահպանումն արդարացնել նրանով, թե «իսկ ո՞վ ասաց, որ դրանից լավը կգա», ապա դա մեր խնդիրը չէ, դա նախագահի խնդիրն է, որպեսզի ապահովի ավելի լավ կառավարություն, որովհետև, եթե ժողովուրդը նրան ձայն է տվել, ինչպես ինքն է այդ մասին փաստում, ապա նա պարզապես պարտավոր է ձևավորել այնպիսի կառավարություն և այնպիսի վարչապետ…պետք է փոփոխության ենթարկվի կառավարության կազմը, համենայն դեպս, գոնե վարչապետի տեսքով, ով բացարձակապես վարկաբեկված մարդ է և ժողովրդի ու ընդհանրապես քաղաքական ուժերի շրջանում որևէ հեղինակություն չի վայելում»,-ասել է Լ.Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում