Արտակ Օսեյան. Սա մեծ քայլ էր դեպի Եվրոպա
Նմանատիպ
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը «Բանանցի» դեմ Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը (1:0) հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց խաղը։ Ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3:1 հաշվով՝ «Փյունիկը» մտավ եզրափակիչ:
«Արարատի» հետ նախորդ հանդիպումից (0:0) հետո 29-ամյա մարզիչն ասել էր, որ թիմը կազմակերպված չէր գործում: 3 օրն անց հակառակ պատկերն էր:
«Զրույց ունեցանք ֆուտբոլիստների հետ, նրանք ճիշտ հետևություններ արեցին: Այսօր իրոք շատ լավ էին գործում: Խաղի կարևորությունը չափազանց մեծ էր: Սա մեծ քայլ էր դեպի Եվրոպա»,- ասաց մարզիչը։
Պետրոս Ավետիսյանը հայտացուցակում չէր: Օսեյանը հայտնեց, թե ինչու․
«Պետրոսը նախորդ խաղում մկանային վնասվածք էր ստացել, այդ պատճառով այսօր բացակայում էր»:
Բարձրագույն խմբում «Փյունիկն» առաջատարներից բավական հետ է մնացել: Այդ փաստի՝ Գավաթի խաղարկությունում լրացուցիչ մոտիվացիա առաջացնելու հնարավորության վերաբերյալ մարզիչը հետևյալ տեսակետն ունի.
«Առաջնությունն ու գավաթը մենք չենք տարանջատում: Ուրախ ենք, որ տիտղոս նվաճելու շանս ունեցանք, բայց Բարձրագույն խմբում նույնպես պետք է նույն տրամադրվածությամբ հանդես գանք»:
Այսօր «Բանանցի» մոտ կոմբիանցիոն ֆուտբոլ չստացվեց: Ի պատասխան Sport.Times.am-ի դիտարկմանը, Օսեյանը հայտնեց, թե ինչ հատուկ մոտեցմամբ էին նախապատրաստվել այսօրվա մրցակցին․
«Պաշտպանության շատ կոմպակտ խաղացինք: Մարզչի փոփոխությունից հետո «Բանանցի» խաղաոճը փոխվել է: Նրանք սկսել են միջին ու երկար փոխանցումներով ֆուտբոլ դավանել, անկյունագծերն են փոխում, փորձում են գնդակն արագորեն պաշտպանների հետևի գոտի ուղարկել: Այդ պատճառով մեր պաշտպանությունը կոմպակտ դասավորեցինք, որպեսզի նրանց այդ տարածություններից զրկենք»:
Անկախ հաղթանակից՝ «Փյունիկի» հարձակման գիծը կրկին արդյունավետ չէր…
«Եթե խոսքը Վարդան Պողոսյանի մասին է, ապա նա մեծ ծավալի աշխատանք կատարեց. անընդհատ ճնշում էր պաշտպաններին, ազատ տարածություններ փնտրում: Այդ առումով գոհ եմ, բայց հարձակվողի առաջին խնդիրը գոլ խփելն է: Խաղի կարևորությունն ավելորդ լարվածություն էր առաջացրել թիմում, այդ պատճառով խոտանը շատ էր: Ամեն դեպքում այսօր կարևորն արդյունքն էր և խաղի որակը երկրորդ պլան էր մղվել»,- ասաց մարզիչը։
«Փյունիկի» վերջին հանդիպումներում գոլերը պաշտպաններն են խփում: Այդ կապակցությամբ Օսեյանը հետևյալ կարծիքն ունի.
«Կարևորը, որ խփում ենք: Իհարկե, անհանգստացնում է հարձակվողների արդյունավետությունը, սակայն ֆուտբոլը թիմային խաղ է, որում առաջնայինը արդյունքն է»:
Այսօրվա խաղում «Փյունիկն» ընդամենը 0:1 հաշվով պարտվելու դեպքում դուրս կմնար մրցաշարից․ Sport.Times.am-ը երևանցիների մարզչին հարցրեց՝ գոլ խփելուն առաջնայինություն տրվե՞լ էր, թե ոչ:
«Իհարկե, տրվել էր: Ճիշտ է, մենք ավելի շատ երկրորդ համարով խաղացինք, հաշվի առնելով առաջին հանդիպման արդյունքը, բայց մեր նպատակն էր անպայման գոլ խփել»:
Միհրան Ալեքսանյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում