Րաֆֆի Հովհաննիսյանը ճանաչեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը

Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահին ներկայացրած առաջարկներին՝ «168 ժամը» գրել է. «Րաֆֆին, ըստ ամենայնի, ուշացել է: Նա, փաստորեն, Ս. Սարգսյանի մոտ էր գնացել՝ կոալիցիային մաս կազմելու առաջարկ ստանալու ակնկալիքով, բայց դա որոշակի չստանալուց հետո, հիմա ինքն է հակաառաջարկ անում:

Եթե Ս. Սարգսյանն ընդունի այդ առաջարկը, նշանակում է՝ մի կողմից կիսել իշխանությունը, մյուս կողմից՝ հայտնի ասուլիսից հետո թուլության նշան ցույց տալ: Այն դեպքում, երբ մինչ վերջին իրադարձություններն իշխանությունը կարծես հակված էր Րաֆֆիին նման պաշտոններ առաջարկելու: Համենայնդեպս, բոլոր իշխանական խոսնակներն իրենց հարցազրույցներում տարակուսանք էին հայտնում այն առիթով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «կառուցողական դաշտ չի մտնում», պատրաստ չէ երկխոսության: Դա ասում էին այնպիսի ենթատեքստով, որ՝ մենք պատրաստ ենք Րաֆֆիին ամեն ինչ տալ, բայց նա «բազարին» չի համաձայնվում: Հիմա, փաստորեն, հակառակ պատկերն է: Րաֆֆին առաջարկում է վերցնել: Բայց տակավին անհայտ է՝ կտա՞ արդյոք իշխանությունը Րաֆֆիի ուզածը:

Անկախ դրանից՝ իշխանությունը, կարծում ենք, երախտապարտ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ երեկվա հայտարարությամբ՝ Սերժ Սարգսյանի՝ դե ֆակտո նախագահությամբ պաշտոններ ստանձնելու պատրաստակամություն հայտնելով՝ Րաֆֆին ճանաչեց Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Ի դեպ, այս հայտարարություններն անելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը բաց թողեց մի կարևոր «նրբություն»: Նա այդպես էլ չասաց, թե ինչ է անելու, եթե հանկարծ Ս. Սարգսյանը մերժի իրեն տալ ցանկալի պաշտոնները: Գուցե այն պատճառով, որ նա դեռևս հացադուլի մեջ է, ինչպես որ ուժի մեջ է դրա հետևանքների սպառնալիքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում