Երկիրը և ժողովուրդը արդարության և հանգստի կարոտ են

«Կցանկանայի համազել որդուս դադարեցնել հացադուլը, բայց մյուս կողմից էլ հարգում ու հասկանում եմ այդ որոշումը և լիահույս եմ, որ այս վիճակը չի ձգձգվի այն աստիճան, որ որդուս առողջական վիճակը անվերադարձ վնասվի », -այս մասին tert.am-ի հետ զրույցում հայտնել է նախագահի նախկին թեկնածու, հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
– Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր որդու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի հետագան:
– Ես չգիտեմ, ես հեռվից եմ դիտում, ես միայն գիտեմ, որ և՛ երկիրը, և՛ ժողովուրդը արդարության և հանգստի կարոտ են, զարգանալու կարոտ: Ես, ինչպես սրանից առաջ եմ ասել, կարծում եմ, որ փոխզիջման, կոմպրոմիսի, երկխոսության ելք կարելի է գտնել, որը ո՛չ մեկին բոլորովին կուրախացնի, ո՛չ մյուսին, բայց երկուսին ինչ-որ տեղ կտա, որպեսզի իրենց ծրագրերն առաջ տանեն:
Հատկապես Րաֆֆիի պարագայում, դուք գիտեք, որ ժողովրդի մարդ է՝ շատ մտահոգված: Ես չեմ ասի, որ որևէ մեկն այդպիսին չէ, բայց ինքն իսկապես ժողովրդի ցավը զգում է, և հատկապես արտագաղթը, որը հիվանդագին վիճակ է ստացել: Ես հիշում եմ՝ սովետական տարիներին «Հայրենիքի ձայն» թերթ կար, և ամեն ամիս ասում էին, որ այս ամիս 450 հոգի վերադարձել է Հայաստան, հաջորդ ամիս 380-ն են եկել զանազան այլ երկրներից … Միանգամից դա լրիվ փոխվեց, և հավաքվելու փոխարեն նորից ցրվեցին: Երկրի ապագայի համար սա ամենավտանգավոր երևույթն է, և միջոցներ պետք է գտնենք դեմն առնելու:
Մենք գիտենք, որ, ի վերջո, տնտեսական զարգացումն է (նկատի ունի տնտեսական զարգացման բացակայությունը – Tert.am), մինչև որ մեր ժողովուրդն աշխատանք չունենա, մինչև որ հաց չկարողանա ճարել, իր զավակներին ազատորեն դպրոց չի կարողանա ուղարկել, և մինչև արդար պաշտոնյաների հետ գործ չունենա, այս վիճակն այսպիսին դժվար պիտի լինի: Բայց հույսով պիտի մնանք և ոչ միայն հույսով, որովհետև հույսը բավարար չէ, այս պարագայում հույսը և աշխատանքը միաժամանակ պետք է լինեն:
-Ներկա իրավիճակի հարցում Րաֆֆի Հովհաննիսյանի և Ձեր տեսակետները որքանո՞վ են համընկնում։
– Ես դա չեմ կարող ասել, ինքն ուրիշ մարդ է, իր որոշումներն է կայացնում, հարգում է ինձ, սիրում է ինձ, բայց իր կյանքի ընթացքն իրեն է պատկանում: Ես օրինակ՝ շատ դեմ էի, որ ինքը հանձներ ամերիկյան անձնագիրը: Մարդիկ համարյա կյանքերը կտան ամերիկյան անձնագիր ձեռք բերելու համար, իսկ ինքը, Ամերիկայում ծնվելով և շատ բարգավաճ կյանք ունենալով, ամեն ինչից հրաժարվեց, և նույնիսկ այդ անձնագրից, և ամենազավեշտալին այն է, որ երբ գալիս է մեզ այցելելու, նա օտար հպատակների շարքին պետք է դասվի, և երբ անցնում է Անձնագրային բաժնով, մարդիկ ասում են, որ նա սխալ տեղում է կանգնել, նա պետք է գնար մյուս՝ ամերիկացիների շարքը:
Ուզում եմ ասել, որ իր կյանքը նվիրել է, զոհել է իր գաղափարներին: Մենք կարող է որոշ ներդրումներ ունենայինք կամ ունեցել ենք, բայց իր կյանքի ընթացքը ինքն է որոշում:
-Լուրեր են շրջանառվում, որ դուք Հայաստան եք եկել Րաֆֆի Հովհաննիսյանին իր որոշումներում հակառակը համոզելու համար, ի՞նչ կասեք այդ մասին:
– Ճիշտ չէ, ես եկել եմ Երևան դեռ երկու ամիս առաջ ծրագրված, որովհետև մենք այստեղ ունեինք Հայկական Ցեղասպանության 100-ամյակին նվիրված խորհրդաժողով, և ես եկել եմ այդ խորհրդաժողովին մասնակցելու: Եթե ես կարողանայի համոզել իրեն, որ այս հացադուլը թողնի, իհարկե, կցանկանայի համոզել, բայց մյուս կողմից՝ հարգում եմ իր որոշումը, հասկանում եմ այդ որոշումը և հուսամ, որ այն աստիճանի չի հասնի այս տագնապը, որ նրա առողջական վիճակն անվերադարձ վնասվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում