Օջալանի նամակը գրվել է Էրդողանի կողմից. թուրք քաղաքական գործիչ

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սաադեթթին Թանթանը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նամակի իսկության մասին կասկած է հայտնել: Ըստ նրա’ այդ նամակը գրել է ոչ թե Օջալանը, այլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր մարդկանցից մեկը:

Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Օջալանի կոչը զարմանք էր առաջացրել շատերի մոտ, քանի որ Նովրուզի կապակցությամբ նա դիմել էր քուրդ ժողովրդին` դադարեցնելու պայքարը և լքելու Թուրքիայի տարածքը:
«Ովքեր հետաքրքրվում են, թե ով է գրել Օջալանի նամակը, թող ստուգեն Էրդողանի ծառայողական մեքենան», – նշել է նախկին նախարարը: Վերջինս ՔԲԿ-ի գրոհայինների’ Թուրքիայից դուրս գալը մեկնաբանել է որպես Իրանի դեմ ուղղված քայլ’ ծրագրված ԱՄՆ-Իսրայել-Անգլիա առանցքի կողմից:

Թանթանը համոզմունք է հայտնել, որ Էրդողանի գլխավորած «Արադարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) և ՔԲԿ-ը նման ինքնագլուխ որոշում չէին կարող կայացնել: Ըստ նրա’ հիմանական պատճառը տարածաշրջանում աստիճանաբար մեկուսացող Իսրայել պետության անվտանգության ապահովման նպատակով քրդական պետության ստեղծումն է: Բայց մինչ այդ ՔԲԿ-ի զինյալներին երկրից դուրս հանելով’ ցանկանում են Սիրիայի հյուսիսում ապստամբական ուժերի հետ պատերազմել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ: Նախկին նախարարը այս համատեքստում Իսրայելի ներողությունը պատահական չի համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում