Ավետիք Իսահակյանը արվեստի մասին
Նմանատիպ
Հատված Ավետիք Իսահակյանի «Արվեստի մասին» գրքից.
Մարդ ամեն բանի մեջ գեղեցիկն է որոնում, և գեղեցիկն է գտնում. Ամեն բանի մեջ գեղեցկություն. Վերջիվերջո գեղեցիկն է լինելու մեր կրոնը: Գեղեցիկ մարդը, գեղեցիկ կյանք, գեղեցիկ կրոն, գեղեցիկ բարոյականություն, գեղեցիկ հասարակական կազմ …
Եթե մի բարոյականություն գեղեցիկ չէ, նա բարոյական չէ:
Եթե մի երևույթ, մի վարմունք գեղեցիկ չէ, նա բարոյական չէ …
Պետք է ապրել գեղեցիկ, մտածել, զգալ գեղեցիկ, հագնել, գնալ գեղեցիկ, ուտել, խմել, քնել գեղեցիկ, մեռնել գեղեցիկ … Ամեն բան գեղեցիկ, գեղեցիկ …
Ճշմարտությունը եթե գեղեցիկ չէ, նա ճշմարտություն չէ, իսկ ինչ որ գեղեցիկ է` նա ճշմարիտ է:
Գեղեցկությունը կատարելություն է և ընդհակառակը:
Արվեստը պիտի արտահայտե արվեստագետի հոգին, իրերի հոգին, մարդու հոգին: Նա պիտի մեկնաբանե պատկերներով` մեր ներաշխարհը: Նա պիտի թարգմանե բնությունը:
Նա պետք է տա ո՛չ թե իրականությունը, այլ նրա զգայությունը, զգացումը և պատրանքը:
Ո՛չ թե, օրինակ, նկարի մեջ երկաթուղու արագությունը տա, կամ հողմի, կամ գետի, այլ նրա զգայությունը, այսինքն` զգանք մենք արագությունը:
Պատրանք և իրականություն: Արվեստը իրականության պատրանքն է: Օրինակ, Օթելլոն Շեքսպիրի. մենք իլյուզիոնի միջոցով գնում ենք և տեսնում իրականությունը – մարդու հոգին, նախանձ, վրեժ, հուսահատություն, կրքեր:
Մարդն է բնության իմաստը, և գեղեցիկն է ճշմարտության թագը, կատարը:
Գեղեցկությունը, գեղարվեստը ինքնամոռացություն է բերում, մոռացության պահեր, երջանկացնում է:
Գեղարվեստն է` բնությունը գումարած մարդը:
Մարդը և բնությունը – միասին: Բնությունը, առավել` մարդը:
Բնությունը խորհուրդ է, արվեստը` մեկնիչ, մեկնաբան (արվեստագետը, բանաստեղծը):
Արվեստ, գեղարվեստ կնշանակե ուղղել, սրբագրել, կատարելագործել բնությունը և իրերը … ոչ թե կապկել, կրկնել …
Արվեստն ավելի ճշմարիտ է, քան իրականությունը, որովհետև նա ստեղծված է բանաստեղծի հոգու մեջ:
Գեղարվեստը մեր ներաշխարհի կատարելությունների դրսևորումն է:
Բանաստեղծը, արվեստագետը իր սրտի աչքով կտեսնե ու կզգա աշխարհի իրերը, երևույթները, երևույթների հոգին, ներքին, հավերժական անփոփոխ կյանքը:
Իդեալը միայն արվեստի մեջ է մարմնանում և երբեք` կյանքում, իրականում: Նա կարող է միայն արվեստի մեջ իրականանալ:
Մեծ արվեստագետներն մեծ մարգարեներ են:
Պիտի խմած լինես ամբողջ կուլտուրան, որ արվեստագետ լինես:
Անձնական վշտի և հրճվանքի միջոցով ներկայացնել հավաքականը` ահա արվեստը:
Ամեն դար իր արվեստն ունի, դարի հետ կապված:
Արվեստը կրոնի պես բան է. նա ընդունակ է մոռացնել տալու կյանքը և հաղթելու մահը. միայն պիտի նրան սիրես ու նվիրվես:
Եթե չլիներ արվեստագետի աչքը, մարդիկ շատ բան չէին կարող տեսնել, կամ տեսած լինել:
Աստվածների ամենամեծ բարիքը, որ տված է մարդկանց` դա չափի զգացումն է (հին հույները):
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Արվեստի հոգին անկեղծությունն է:
Գեղարվեստը, պոեզիան, մուզիկան ճիշտ որ մոռացություն են բերում, ինքնամոռացման և աշխարհամոռացման պահեր են ստեղծում, ծածկում են, այլափոխում են տգեղ, գեշ իրականությունը: Ստեղծել են հրեշտակներ, որովհետև մարդու հոգին ուզում է, որ տեսնի կանայք մաքուր, զերծ ֆիզիկական-ֆիզիոլոգիկ պետքերից: Պոեզիայի մեջ մարդը, կինը բանաստեղծականացված է, մահը միստիկանացված, իբրև անցում դեպի անմահություն հոգու:
Սերը պլատոնականացված, դարձած անկիրք, աներկրային:
Արվեստը սրբագրում է, ուղղում է, բյուրեղացնում է իրը, մարդը, նրա մարմինը …
Իղձը, երևակայությունը, պոեզիան, արվեստը, գեղեցկացնում են չոր, մերկ, դաժան իրականությունը` դիակը, գերեզմանը, մահը: Ոսկեզօծում են, զարդարում:
Խելացի են ֆրանսիացի գրողները, նկարիչները, բայց նրանց պակասում է զգացականը, կիրքը, տարերայինը, նախնական նյութը` matie’re le primie’re բնազդականը, այն, որ ունեն հին իտալացիք` մարմնի, արյունի հուզականի թափը, ուժը, ուժգնությունը: Մշակույթ ունին, գաղափարներ, մտածումներ, զարգացած են, դրանով կարելի է բացատրել matie’re le primie’re –ի պակասը:
Մարդն այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները: (Ասույթը նվիրված է դերասանուհի ռուզան Վարդանյանին` «Երազական և սիրելի Ռուզանին» վերնագրով: Գրված է 1945 թ. Երևանում): Արվեստն երազի իրականացումն է: Իրականությունը անցնող կյանք է. արվեստն է հավերժականը, ճշմարիտը:
Ամեն մի ստեղծագործություն անհատական կնիք ունի. անհատն է, որ մեն-մենակ ստեղծում է, գրում, նկարում, քանդակում, հնարում: Դրա համար էլ երեխա ստեղծելը երկու հայրով չի լինի, այլ` մի. երկու հայրով, ինչպես և երկու հեղինակով ստեղծումները, վիժում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում