ԱԺ միջադեպի ժամանակ վիրավորված Վրեժ Գալստյանը հարկադիր բուժման կարիք ունի

Ազգային ժողովի մոտ հրազենից վիրավորված Մասիսի բնակիչ 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանին արդեն դատարան են տեղափոխել: Այդ մասին հայտնել է Առաջին կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը և հավելել, որ քաղաքացին հարկադիր բուժման կարիք ունի:
Կ. Սահակյանի խոսքով Վրեժ Գալստյանը վերջին երկու օրերի ընթացքում իրեն շատ վատ է դրսեւորել, չի ենթարկվել բժիշկներին, փորձել է փախչել:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Ազգային ժողով դանակով մուտք գործել փորձած Վրեժ Գալստյանը վիրավորվել է անվտանգության աշխատակիցների կրակոցից: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով խորհրդարանի տարածքը հսկող անվտանգության աշխատակցի կողմից հրազեն է գործածվել: Նրան նախազգուշացրել են օդ կրակելով, սակայն երբ դանակով զինված անձը փորձել է առաջ շարժվել, կրակել են նրա ոտքին: Ազգային ժողովի բուժքույրն առաջին բուժօգնություն է ցուցաբերել’ մինչ ժամանել է Շտապօգնությունը: Երբ նրանից փորձել են հետաքրքրվել, թե ով է, ասել է’ «Հիսուս Քրիստոսը»:
Միջադեպի առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ’ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում