Րաֆֆի Հովհաննիսյանը գրավոր կպատասխանի Սերժ Սարգսյանի նամակին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 26-ին գրավոր կպատասխանի Նախագահ Սերժ Սարգսյանի նամակին: Այս մասին հայտարարեց անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում և հավելեց, որ լրագրողների բոլոր հարցերին կպատասխանի մարտի 27-ին:

Հիշեցնեն, որ այսօր’ մարտի 25-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին: ՀՀ նախագահը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և աշխատանքը շարունակել «թուղթ ու գրիչով»։ «Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»,-ասված է պատասխանում:

Ազատության հրապարակում մարտի 10-ից հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 22-ին նոր նամակով առաջարկություններ է ուղարկել Սերժ Սարգսյանին: Նա կրկնել է նախկինում իր առաջադրած դրույթները’ նախագահական նոր ընտրությունների անցկացում կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2013-ի ընթացքում, օրենսդրական փոփոխություններով թողնել բացառապես համամասնական ընտրակարգը, ապահովել արտերկրում ապրող քաղաքացիների քվեարկությունը կամ նրանց հանել ցուցակներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում