Ճակատագիրս. Կարեն Կարապետյան
Նմանատիպ
Քանի որ վաղ թե ուշ կգտնեք մարմինս կախված առաստաղի մեխից կամ ավելի շուտ այն, ինչ մնացած կլինի մարմնիցս, ուզում եմ մեռնելուց առաջ թողնել այս նամակը, որպեսզի եթե որևէ սկսնակ քննիչի մտքով անցնի պարզել ինքնասպանությանս հանգամանքները, ապա զուր ժամանակ չկորցնի:
Մահվանս մեջ ոչ մեկին պետք չէ մեղադրել։ Մեղավորը միայն ես եմ ու իմ անմիտ, անպատասխան, մերժված ու անիրական սերը։ Այո, ես սիրում էի նրան այնպես, ինչպես, վստահ եմ, բացի ինձանից ոչ մեկը նրան այդպես չի սիրել, ոչ մեկը այդպես չի պաշտել։ Ես միակն էի, որ սիրեցի նրան այդպես խելակորույս ու այդ սերն էլ ինձ հետ տանում եմ այնտեղ, որտեղ նամակս գրելուց հետո կհայտնվեմ։ Նա գուցե այդպես էլ չիմանա` ինչպես եմ նրան սիրել, գուցե առհասարակ չիմանա, որ իրեն սիրել են, տանջվել ու մեռել հանուն այդ սիրո։ Այո, նա դա չի իմանա ու իր անմահ գոյությունը կշարունակի երջանիկ անգիտության մեջ, անմասն մնալով թե կրքերից, թե մարդկային տառապանքից։
Եվ անիծվի այն օրը, երբ ես անցա այն փողոցով, որտեղ նա…բայց ամեն ինչ հերթով։
Այդ օրը երեկոյան ես սովորականի պես պատրաստվում էի տուն գնալ, երբ ինձ հրավիրեցին խմելու։ Միշտ էլ զգում էի, որ խմելն ինձ կհասցնի կործանման, բայց նման ողբերգական ավարտ չէի պատկերացնում։ Ու գնացի կործանմանս ընդառաջ, բայց մտածում էի, որ գնում եմ պարզապես ընկերներիս հետ խմելու, որի անունը, չգիտեմ ինչու, դրել էինք մի կտոր հաց ուտել։ Մի կտոր հացի հետ մի քանի շիշ խմելուց հետո որոշեցի տուն գալ ու փողոցներից մեկով անցնելիս հանկարծ նկատեցի դիմացի մայթի հագուստեղենի խանութի աշխատակցուհուն։
Նրա անթերի նուրբ մարմինը, նրա կանացիությունը ու ողջ արտաքինն ինձ գամեցին տեղում։ Սկսեցի կախարդվածի պես նայել նրան։ Խոստովանում եմ, երբեք նման գեղեցիկ, անմարդկային գեղեցիկ աղջիկ չէի տեսել։ Չգիտեմ, հոգևոր կապ առաջացավ մեր մեջ թե ոչ, բայց ֆիզիկական հրապույրն այնքան զորեղ էր, որ հոգևորից հետք անգամ չմնաց։
Ես սիրահարվեցի ակնթարթորեն, սիրահարվեցի անմնացորդ ու քանի որ երբեք չեմ հասկացել սիրահարվելու ու սիրելու տարբերությունը, ապա վստահաբար հայտարարում եմ, որ սիրեցի կյանքիցս առավել։ Ախ, միայն թե այդքան խմած չլինեի, եթե այդքան խմած չլինեի, կհիշեի հանգուցյալ Նիցշեին, ով ասում էր.«Չափից դուրս սերն ուրիշի նկատմամբ անինքնասիրություն է սեփական անձի հանդեպ»։ Բայց քանի որ օղին մթագնում էր իմ մեջ փիլիոսոփայական խոհերը, ապա Նիցշեին ուղարկելով գրողի ծոցը, սկսեցի կախարդվածի պես նայել այդ աղջկան։
Հետո մտքովս անցավ սպասել, մինչև նրա աշխատանքի ավարտը ու փորձել ծանոթանալ և ուղեկցել տուն։ Դիմացի մայթից նայում էի ուղիղ նրա աչքերին, նայում էի այնպես, որ նա նկատի հոգուս ողջ խռովքը։ Իսկ նա անշարժ դիրքով կանգնած նայում էր ինձ։ Արդյո՞ք նա նույնպես սիրահարվեց ինձ, թե` ոչ, բայց երկար նայելուց, սկսեցի նկատել, որ կարծես ժպտում է։ Գուցե ի՞նձ սկսեց թվալ, թե ժպտում է։ Բայց ոչ, կարծես թեթևակի ժպտաց։ Իհարկե ժպիտը դեռ սիրո նշան չէ, բայց ավելի լավ է ժպիտը, քան կիտված հոնքերը։ Հանկարծ զգացի, որ նա առհասարակ ժպտերես աղջիկ է։ Դա ինձ հուսադրեց, քանի որ ժպտերես մարդիկ սովորաբար նաև բարի են։ Իսկ բարի մարդկանց սիրտը հեշտ է գրավել։
Ինքս ինձ սկսեցի մի սրտաճմլիկ պատմություն հորինել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում պատմեմ նրան։ Մի շատ հուզիչ պատմություն։ Պատմությանս ողջ տրամաբանությունը կառուցեցի այնպես, որ կարծես Դուրյանն իր «Լճակ» բանաստեղծությունը գրել է իմ կենսագրության հիման վրա, բայց քանի որ նա բանաստեղծ էր, այլ ոչ արձակագիր կամ կենսագիր, ապա իմ դառը պատմությունն ամփոփել է բացականչելով` շատերը զիս մերժեցին, քնար մը ունի սոսկ ըսին։ Մին դողդոջ է գույն չունի, մյուսն էլ ըսավ կմեռնի…
Այո, քանի որ համոզվել էի նրա բարությանը, որոշեցի իմ անչափ հուզիչ պատմությամբ միանգամից գրոհել նրա փխրուն սիրտը ու այն նվաճել ակնթարթորեն։ Ծրագիրս նենգ էր, բայց նպատակն արդարացնում է միջոցները։ Բացի այդ նա երբեք չէր իմանա, որ պատմությունս կեղծ է, քանի որ մեկ անգամ հիմնովին ստելով, ինքս էլ կսկսեի հավատալ իմ սեփական ստին ու հորինածս պատմությունը կդառնար միանգամայն իրական։
Սակայն ժամերն անցնում էին, ու նա ոչ միայն դուրս չէր գալիս, այլև նույնիսկ դիրքը չէր փոխում։ «Այ քեզ գազան»,- մտածեցի ես։ Այ քեզ հրեշ, այ քեզ անասուն։ Խոսքերս ուղղված էին խանութի տնօրենին։ Ես ցնցված էի։ Մարդն ինչքան անաստված պետք է լինի, որ հանուն սեփական բիզնեսի ու փողերի ստիպի նման երիտասարդ ու գեղեցիկ աղջկան ժամերով կանգնել նույն տեղում։ Մտովի պատկերացրեցի՝ ինչպես է նա այս աղջկա աշխատանքի շնորհիվ վայելում կյանքը` նրան վճարելով սոսկ գրոշներ։ Բայց ոչ…ամենայն հավանականությամբ, բացի կյանքը վայելելուց նա կվայելի նաև այդ աղջկան։ Այո, հաստատ, քանի որ նման գազանային էությամբ մարդը չի կարող անտարբեր անցնել այս փխրուն էակի կողքով։ Իսկ խեղճ աղջիկը հավանաբար այնպիսի անելանելի վիճակի մեջ է, որ անձնատուր կլինի։ Իհարկե ոչ հանուն սիրո, հաստատ ոչ։ Եթե խեղճը ստիպված համաձայնում է նման անմարդակային աշխատանքի, այն է` ժամերով կանգնել անշարժ, ուրեմն այլ հնարավորություն չունի։
Ես անկեղծ խղճահարությամբ լցվեցի այս տարաբախտ աղջկա նկատմամբ, ու ֆիզիկական ձգողությանն ավելացավ նաև հոգևոր կապվածությունս նրան ու սերս դարձրեց կատարյալ։
Սիրուս հետ զուգահեռ ատելությամբ լցվեցի տնօրենի նկատմամբ։ Ատելությունն ու խանդն սկսեցին բզկտել հոգիս։ Միաժամանակ սկսեցի ատել մարդկային անարդարությունը, հասարակական կառուցվածքը, Ադամ Սմիթի անիծված ու անտեսանելի ձեռքը։ Այդ աղջիկն իմ քույր Քերին էր, իմ տանջված Ջենի Գերհարդը, իսկ տնօրենը մի տզրուկ, որը մարդկային արյուն ծծելուց բացի այլ բանի ունակ չէ։
Ատելությունից քիչ էր մնում խելագարվեի։ Աստծո այդ ո՞ր պատգամի համաձայն այդ ճարպակալած եզը պետք է վայելի կյանքը, իսկ այս խեղճ դժբախտ աղջիկը իր չարչարանքով նպաստի նրա վայելքներին։ Ու քանի որ այդ տնօրենը Կեսարը չէր, ես այլևս անկարող դիմադրելու սիրուս ու խանդիս, դրան գումարած անարդարության մասին նոր ձևավորված պատրեկացումներիս, ինքս ինձ կորցրած ներխուժեցի խանութ։ Հայհոյանքներով ու աջ ու ձախ հարվածելով` վազեցի դեպի տնօրենի սենյակ, որը, ենթադրում էի, պետք է լինի վաճառասրահի վերջում։
Անկեղծ ասած, աղոտ եմ հիշում հետագայում կատարվածը, միայն սկսեցի սթափվել ոստիկանությունում։ Քանի որ արկածներս առանձնապես հասարակական մեծ վտանգ չէին ներկայացնում ու խանութին էլ նյութական վնաս չէի հասցրել, արարքս՝ որակելով որպես մանր խուլիգանություն, ինձ հաջորդ օրը ոստիկանությունից բաց թողեցին` քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն վերցնելով։
Ընկճված սրտով, բայց արդեն սթափ ուղեղով վերադարձա տուն։ Փոքր-ինչ հանգստանալուց հետո, որոշեցի գնալ խանութ ու այդ աղջկան բացատրել արարքներիս պատճառն ու ներողություն խնդրել։ Բացի այդ միանգամից խոստովանել, որ կատարվածի պատճառը մինչ այդ ինձ անծանոթ ու խենթացնելու աստիճան հասցնող սերն էր, որն այլևս անկարող եմ թաքցնել։
Դեռևս հեռվից նկատեցի, որ խեղճ աղջիկը կրկին կանգնած է նույն տեղում: Զգացի, որ արյունս սկսում է եռալ բարկությունից: Բայց ոչ, այսօր չի կրկնվի այն, ինչ եղավ երեկ: Նույնի կրկնությունն արդեն հանցագործի տպավորություն կթողի ու արդարանալն անիմաստ կդառնա: Պարզապես սառնասրտորեն կսպասեմ մինչև աշխատանքի ավարտը և ճանապարհին ամեն ինչ կբացատրեմ:
Դեռևս մի քանի քայլ կար մինչև խանութին հասնելը, երբ հանկարծակի սրտխառնոց ու գլխապտույտ զգացի, որն առաջացավ սարսափից, անակընկալից, սեփական անձիս հանդեպ խղճահարությունից…այո, աներևակայելի սարսափով նայեցի սիրելի, պաշտելի, ցանկալի այդ աղջկան, իսկ նա նույն թեթևակի ժպիտով հայացքը հառել էր ինձ։ Նայում էր անթարթ, առանց տեղից շարժվելու, առանց դույզն-ինչ հուզմունքի: Նա անսիրտ էր, անսիրտ ու անհոգի: Բայց ոչ, ոչ, խնդրում եմ հապճեպ չմեղադրեք նրան: Նա դրանում մեղավոր չէր…նա պարզապես այդ խանութի գովազդային մանեկենն էր: Ես սիրահարվել էի մանեկենին:
Վերջապես սթափվելով ու մի կուշտ ծիծաղելով սեփական զավեշտալի պատմության վրա՝ վերադարձա տուն ու որոշեցի հանգստանալ այս ծանր մղձավանջներից հետո: Չգիտեմ որքան էի քնել, երբ միանգամից արթնացա նույն սարսափով համակված, ինչ ցուցափեղկի առջև: Բայց այս անգամ սարսափիս պատճառն այլ էր: Հասկացա, որ սիրում եմ այդ մանեկենին խելագարի պես ու անկարող եմ առանց նրա:
Մի կերպ ինքս ինձ հանգստացնելով այդ հիմար մտքից` որոշեցի կրկին քնել այն հույսով, որ առավոտյան ամեն ինչ կանցնի: Մտածեցի, որ հավանաբար րոպեական թուլություն էր, դե կյանք է, բոլորն էլ կարող են զավեշտալի պատմությունների մեջ ընկնել, ու առանձնապես պետք չէ ամեն հիմար մտքից ողբերգություն սարքել և այլն, և այլն:
Սակայն առավոտ շուտ կրկին կամքիցս անկախ հայտնվեցի խանութի ցուցափեղկի առջև: Լուռ նայում էինք իրար: Ես հմայված, նա թեթևակի ժպտալով: Այդպես էլ ոչինչ իրար չասեցինք: Հաջորդ օրը համարձակվեցի խոսակցություն բացել ու հարցրեցի անունը: Նա ոչինչ չպատասխանեց, ինչն առավել բարձրացրեց նրան իմ աչքում: Այո, ամոթխած աղջիկ է երևում, ինչու՞ պետք է իր անունն ասի առաջիկ իսկ հանդիպածին: Ես սկսեցի պատմել իմ փոքրիկ կենսագրությունը ու հորինածս պատմությունը: Այնքան հուզիչ էր այն, որ քարից անգամ արցունք կթափվեր ու ինձ թվաց, որ նրա աչքերը խոնավացան: Դրանից հետո նա հազիվ շշնջաց իր անունը, որը չհասկացա և երբ խնդրեցի կրկնել, այլևս ոչ մի պատասխան չստացա:
Այդ աներևակայելի համեստությունն ինձ ապացուցից, որ այս գեղեցիկ ու տանջված աղջիկը, նաև անչափ պարկեշտ է: Իսկ ես հիմարի պես հազար ու մի բան էի մտածում տնօրենի հետ կապված:
Երեկոյան բարի գիշեր մաղթելով՝ վերադարձա տուն անչափ երջանիկ: Երջանիկ էի, որ վերջապես կարողացանք ծանոթանալ ու կարծես հասկանալ իրար: Գրեթե վստահ էի, որ նա նույնպես համակրում է ինձ: Այսպես շարունակվեց մի քանի օր: Մենք ժպտում էինք իրար, զրուցում: Վերջապես համարձակություն ձեռք բերելով` մտա խանութ ու որոշելով, որ արդեն պահը հասունացել է և նա նույնպես զգացմունքներ ունի իմ հանդեպ, ցանկացա թեթևակի գրկել ու համբուրել նրան:
Սակայն մարդիկ չար են ու նախանձ: Մարդիկ սովորաբար սիրում են ցավակցել ու սփոփել տանջվածին, մերժվածին, դժբախտին, բայց անկարող են ուրախանալ այլոց երջանկությամբ: Անկարող են հանդուրժել ուրիշի ուրախությունն ու ոգևորել հաջողությունները:
Դեռ չէի հասցրել շուրթերս հպել նրա շուրթերին, երբ իրարանցում առաջացավ և ես կրկին հայտնվեցի ոստիկանությունում: Այս անգամ որոշեցի անկեղծորեն պատմել զգացմունքներիս մասին, հուսալով, որ ինձ կհասկանան ու…գուցե հասկացան, քանի որ քննիչը կարեկից ժպտաց ու ձեռքը տարավ հեռախոսին:
Հրաշք է, վերջապես հանդիպեցի մի հրաշալի մարդու, որն ունակ է հասկանալ դիմացինին, կարող է օգնության ձեռք մեկնել: Կասկած անգամ լինել չի կարող, որ նա զանգում է որպեսզի ինձ ուղեկցեն դուրս: Ուրեմն ես ազատ եմ: Ես սիրելիիս անպայման կպատմեմ քննիչի մասին ու հուսով եմ` դեմ չի լինի, որպեսզի այս բարի մարդուն հրավիրենք մեր հարսանիքին: Եկան ինձ ուղեկցելու: Բայց ինչու՞ սպիտակ խալաթներով…
Բնականաբար ինձ չդատեցին, սա բանտ չէր, բայց այստեղ բավականին հարգի էր սպիտակ գույնը, ու շատերը նախընտրում էին հենց այդ գույնի խալաթներ: Ես բոլորին պատմում էի իմ սիրո, իմ դիցուհու մասին և ումից ստանում էի կարեկից ժպիտ, անմիջապես հրավիրում էի հարսանիքիս: Տեր իմ Աստված, ի՞նչ շքեղ հարսանիք էր լինելու:
Վերջապես ինձ դուրս թողեցին: Որքան էի կարոտել, որքան էի կարոտել, անհնար է բառերով նկարագրել: Անմիջապես վազեցի խանութ: Տեսնես ինչպե՞ս է նա, կարոտե՞լ է արդյոք, հիշու՞մ է ինձ, գիտի՞ անհայտացմանս պատճառը, թե՞ մտածում է՝ լքել եմ իրեն: Նա կանգնած էր նույն տեղում: Ես շնչակտուր նետվեցի նրա ոտքերի տակ:
Բայց այս անգամ զարմանալի բան կատարվեց: Բոլորը ժպտում էին ինձ, նույնիսկ հրեշ տնօրենն էր ժպտում: Բոլորը, բոլորը ինձ ժպտում էին ու ես երջանիկ էի: Երջանիկ նաև այն պատճառով, որ աշխարհը փոխվեր էր, փոխվել էին մարդիկ: Ես կարծես դրախտում լինեի: Շուրջբոլորս միայն ժպիտներ էին ու բարություն: Վերջապես ես իմ երազանքների աշխարհում եմ, սիրածս կնոջ հետ ու շրջապատված բարեկամներով: Այդ օրը ես երջանիկ էի, կատարյալ երջանիկ, անմնացորդ երջանիկ, ու այդ մեկ օրվա երջանկությունն այնքան բուռն էր, որ հավանաբար խլեց կյանքիս երջանկության ողջ պաշարը:
Հաջորդ օրը գալով խանութ…այո, երջանկությանս պաշարը սպառված էր, իսկ տառապանքի համար սահմանափակում հավանաբար նախատեսված չէ: Նա չկար, խանութը փակված էր, ներսում՝ դատարկություն, ցուցափեղկը՝ լքված:
Չեմ նկարագրի տանջանքներիս ողջ ուղին: Ես անկարող էի ապրել առանց նրա: Մոտ մեկ տարի թափառեցի քաղաքի բոլոր փողոցներով: Ամեն ուր փնտրում էի նրան:
Հաճախ հրավիրվում էի իմ սպիտակ խալաթավոր բարեկամների մոտ: Զրուցում էինք, ինձ հյուրասիրում էին նույնպես սպիտակ հաբերով։ Այստեղ հավանաբար սպիտակ գույնը պաշտամունք է ու երևի կրոնական նշանակություն ունի: Բայց ես հարգում եմ այլոց խիղճն ու դավանանքն ու երբեք այլ գույնի մասին չակնարկեցի:
Վերջապես երկարատև փնտրտուքից հետո հասկացա, որ իմ պաշտելիին այս աշխարհում գտնելն անհնար է: Գուցե նա տեղափոխվե՞լ է: Դրան կարծեմ մահ էին ասում:
Եվ մի օր, այսինքն այսօր, ես մտա խանութ գնելով մի հաստ մեխ ու մուրճ և վերադարձա տուն: Տանը պարան ունեմ:
Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում