Կշտանալու պահը. կազմել ոչ կոալիցիոն, այլ «ազգային փրկության կառավարություն»

Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջև նամակագրական երկխոսությունը նորանոր հորիզոններ է նվաճում՝ իր շարունակականությամբ սպառնալով անգամ ամենավարկանիշային սերիալներին. գրել է «168 ժամը»:

Թե ինչը կամ ով ստիպեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իր պայքարը միստիկ հարթությունից տեղափոխել նախադեպը չունեցող, «կառուցողական դաշտ», առայժմ դժվար է ասել: Բայց մի կողմ թողնենք «գործարքի» «իշխանությանը ծախվելու» մասին մշտական գնահատականները, որոնք ուղեկցում են ցանկացած ընդդիմադիր շարժմանը: Ընդունենք, որ այն, ինչ Րաֆֆին անում է միանգամայն անկեղծ մղումով ու բացառապես հայրենիքի շենացման մասին մտահոգությունից ելնելով և տակավին չի կարևորում իր անձը: Այդ դեպքում սակայն հարց է առաջանում՝ ինչի համար է ավելի քան երկու շաբաթ շարունակվող հացադուլը՝ հարակից միջոցառումներով: Ինչ իմաստ ուներ հացադուլ հայտարարել, այսքան աղմուկ բարձրացնել, եթե կարելի էր համաձայնության գալ ընտրություններից անմիջապես հետո: Քանի որ իրականում Րաֆֆին այսօր Ս.Սարգսյանից պահանջում է այն, ինչ վերջինս նրան, ըստ էության առաջարկել է նախագահական ընտրությունների հաջորդ օրը: Ու ինչպես պարզվեց Ս.Սարգսյանի ասուլիսից, «Ժառանգության» առաջնորդին հետաքրքրել է ավելի շատ իշխանության հետ համագործակցության ձևաչափը, մասնավորապես՝ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Ս.Սարգսյանի պատասխանից, ի դեպ, բխում է նաև, որ «հոգ է տարված» նաև ձևաչափի մասին: Մեծ հավանականությամբ, Ս.Սարգսյանը կարող է Ր.Հովհաննիսյանին առաջարկել կազմել ոչ կոալիցիոն, այլ, ասենք, «ազգային փրկության կառավարություն»: Այդ ձևաչափը, այլ առավելություններից բացի, շատ գեղեցիկ հնչում է՝ համ ազգային է, համ փրկության, համ էլ, ամենակարևորը՝ կառավարություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում