Տ. Ուրիխանյան. ԲՀԿ-ն հոգեվիճակ է, գաղափար է, ԲՀԿ-ն սկիզբն է ու վերջը

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Ոչ մի օրինավոր թանաքով գրիչ, ոչ մի ծրարի մեջ գցած բան, ոչ մի տեսախցիկ, ոչ մի իբր այլ հնարամտություն, չի կարող ստուգել, թե ով ում օգտին է նշան դրել քվեաթերթիկում: Հետևաբար’ յուրաքանչյուր Երևանցի, ինչպես էլ իրենց մոտենան, ինչ առաջարկ էլ անեն, թող ցանկացած դեպքում իրենց ընտրությունը կատարեն իրենց ցանկության շրջանակներում: Թող իմանան, որ ոչ մի կերպ չի ազդելու կաշառքը ընտրությունների արդյունքների վրա, մանավանդ, որ ընտրությունները լրջագույնս հսկվելու են ԲՀԿ-ի և շահագրգիռ այլ կուսակցությունների մարդկային ռեսուրսի կողմից»:

– Բայց հենց ԲՀԿ-ին են մեղադրում ընտրակաշառք բաժանելու մեջ:
-Ես չեմ պատրաստվում նման մյունհաուզենական արտահայտություններ մեկնաբանել: Կաշառք թող բաժանեն նրանք, ովքեր գնում են ոչ թե աշխատելու, այլ ժողովրդի փողերն ուտելու:

-Հիմա պիտի ասեք,որ խորհրդարանական ընտրություններին է՞լ եք զերծ մնացել ընտրակաշառքից, տեսանք, լսեցինք չէ՞ ինչ եղավ:
-Տեսաք ու չդիմեցիք ոստիկանություն: Առավոտից իրիկուն ասում էին՝մեկդ մի դիմում գրեք: Իսկ դուք լսել էք, որ կետերը օվկիանոսում պակասում են, ինչու միջոցներ չեք ձեռնարկում: Մի խոսքով, կաշառքային թեմաներ ինձ համար չեն: Ես հեռու եմ կաշառքային թեմաներից գենետիկորեն:

– Ձեր անունից եք խոսում, իսկ ձեր կուսակցությո՞ւնը՝ ԲՀԿ-ն:
– ԲՀԿ-ն հոգեվիճակ է, ԲՀԿ-ն լուսավոր գաղափար է, ԲՀԿ-ն հույս է դեռևս երկիրը չլքած փոքրաթիվ քաղաքացիների համար: ԲՀԿ-ն սկիզբն է ու վերջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում