Հովհաննիսյանն այսօր կպատասխանի Սարգսյանի նամակին

Արդեն տասնվեցերորդ օրն է՝ Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հացադուլը: Մարտի 25-ին այստեղ՝ մայրաքաղաքի սրտում, տեղի ունեցավ «Բարեւահեղափոխություն» շարժման քաղաքացիական խորհուրդների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին բազում ակտիվիստներ: Երեկվա խորհրդի հիմնական բանախոսը «Ժառանգություն» կուսակցության միջազգային քարտուղար Ստեփան Սաֆարյանն էր, ում ավելի ուշ միացավ «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ, մտավորական Վարդան Հակոբյանը: Քննարկումը վարում էր Լեւոն Բաղրամյանը: Այս մասին տեղեկացնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

«Այս շարժումն անակնկալի է բերել դե ֆակտո իշխանություններին»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով. «Նրանք պետք է հասկանան, որ եթե հայ ժողովրդին ընդհառաջ վերջնական քայլեր չձեռնարկեն, իրավիճակը կդառնա ճգնաժամային ողջ երկրի համար»,- ընդգծեց Սաֆարյանը:

Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ էր ստացել գործող նախագահ Սերժ Սարգսյանից: Նա կպատասխանի այս նամակին այսօր՝ քաղաքացիական խորհրդի հաջորդ հանդիպումից առաջ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը: Հիշեցնենք, որ այս երկու կուսակցությունները միացել են «Ժառանգությանը» եւ այլ կուսակցություններին՝ ձեւավորելով «Բարեւ, Երեւան» դաշինքը, որը մասնակցելու է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում