Երևանի ավագանու ընտրությունը ո՛չ Բաստիլի գրավումն է, ո՛չ Ավարայրի ճակատամարտը. Էդուարդ Շարմազանով

-Քաղաքապետի պաշտոնը «չզիջելու» վերաբերյալ ձեր հայտարարությունը ներկայացվեց
որպես անհերքելի ապացույց, որ Հանրապետականն «այս անգամ էլ» պատրաստվում է կեղծել
ընտրությունները՝ մյուս քաղաքական ուժերին վերապահելով 2-րդ տեղի համար պայքարելու
«առաքելությունը»։
-Ցավում եմ, որ իմ հայտարարությունը նենգափոխվել է։ Որևէ մեկը չի ասել՝ Երևանը չենք հանձնելու։ Ինձ
հարց են տվել՝ ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է մայրաքաղաքը «տալ» ԲՀԿ-ին՝ նախագահական
ընտրություններում թեկնածու չառաջադրելու դիմաց։ Ես պատասխանել եմ՝ Հանրապետականը գործարքների չի գնում և Երևանը որևէ
մեկին հանձնելու կամ չհանձնելու խնդիր չունի։
Պարզապես մեր որոշ քաղաքական գործիչներ միտումնավոր կամ անգրագիտության պատճառով պրովոկացիայի են տրվել՝ չիմանալով կամ
չհասկանալով հարցի էությունը։
Ավելին՝ ասել եմ, որ ճիշտ, համակարգված աշխատանքի դեպքում մեր թեկնածու Տարոն Մարգարյանը ունի բոլոր շանսերը՝ վերընտրվելու
քաղաքապետի պաշտոնում։ Երևանի ավագանու ընտրությունը ո՛չ Բաստիլի գրավումն է, ո՛չ Ավարայրի ճակատամարտը, որ հանձնել կամ
չհանձնելու խնդիր լինի։ Այնպես որ, լրագրողների առջև բոցաշունչ ելույթ ունեցող պատգամավորներին կամ պատգամավորուհիներին,
ինչպես նաև տարբեր տրամաչափի մոռացված քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ ակնոց դնել կամ գոնե առանց ակնոցի ընթերցել
իմ հայտարարությունները, նոր մեկնաբանություններ անել։
-Ի՞նչ եք կարծում, ձեր մրցակիցներին կհաջողվի՞ ընտրողին համոզել, որ Երեւանի ավագանու ընտրությունը նախագահական
ընտրությունների շարունակությունն է՝ երկրորդ փուլի նման մի բան, որից կախված է պետության հետագա ընթացքը.
երևանցին կուլ կտա՞ այդ խայծը։
-Չնայած քաղաքական ուժերը ավագանու ընտրություններին մասնակցում են համամասնական ցուցակներով, այս ընտրություններով չեն
որոշվում ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, ո՛չ պետության սոցիալ-տնտեսական
քաղաքականության, ո՛չ աբխազական երկաթգծի և այլընտրանքային ճանապարհների գործարկման հետ կապված խնդիրները։
Երևանցին ընտրելու է ոչ թե ապագա արտգործնախարարին, վարչապետին կամ նախագահին, այլ մայրաքաղաքային տնտեսության
կազմակերպչին։ Այս առումով, սրանք համայնքային ընտրություններ են։
Մենք համարում ենք, որ Տարոն Մարգարյանը լավ է աշխատել՝ այսօր Երեևանը շատ ավելի շահեկան վիճակում է, քան երեկ։
Փոփոխություններն անզեն աչքով էլ նկատելի են, և, կարծում եմ, երևանցիները կկատարեն ճիշտ ընտրություն՝ վերընտրելով Տարոն
Մարգարյանին:
Հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցից

Հետևեք մեզ նաև Telegram-ում