ՀՀ մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան

Մարտի 20-22-ը պաշտոնական այցով Թբիլիսիում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությանն ուղեկցում էր Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարը մարտի 21-ին հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի, մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը կարեւորեց վարչապետի’ տարեսկզբին Երեւան կատարած այցելությունը, ինչը լուրջ խթան հանդիսացավ, մասնավորապես, երկկողմ մշակութային համագործակցության ծրագրերի հստակեցման եւ համատեղ իրականացվելիք միջոցառումների նախանշման առումով: Վրաստանի վարչապետը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել երկու ժողովուրդների միջեւ մշակութային համագործակցության խորացմանը եւ մշակութային կապերի ամրապնդմանը:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում բարձր գնահատեց հայ եւ վրաց եղբայրական ժողովուրդների հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությունը եւ կարեւորեց երկու ժողովուրդների բազմադարյա մշակութային ժառանգությունը սերունդներին հասու դարձնելուն ուղղված քայլերը: Միաժամանակ, կողմերը կարեւորեցին եկեղեցական եւ հոգեւոր ժառանգության պահպանման ոլորտում համագործակցությունը’ որպես մշակութային համագործակցության կարեւոր բաղադրիչ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում