ԵՄ-ի հերթական զեկույցը Հայաստանի մասին

Եվրամիությունը հերթական տարեկան զեկույցն է ներկայացրել’ գործընկեր երկրներում գրանցված առաջընթացի վերաբերյալ: 2012-ի տարեկան առաջընթացի զեկույցում ԵՄ-ն անդրադարձել է Հայաստանին վերաբերվող բազմաթիվ հարցերի’ մարդու իրավունքներ, ընտրություններ, ԼՂ հիմնախնդիր, Մեծամորի ատոմակայան, կոռուպցիա, անգամ’ Հանրային խուրհուրդ, եւ այլն:

Ընդհանուր գնահատականների մեջ նշվում է, թե 2012-ի ԱԺ ընտրությունները թեեւ դիտարկվել են որպես լավ անցկացված, սակայն, կոնկրետ որոշ հանձնարարականներ կան, որոնք պետք է կյանքի կոչել, որոնք ներկայացվել են ԺՀՄԻԳ-ի կողմից:

Զեկույցում նշվում է, թե Հայաստանի իշխանությունները համեմատաբար թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ են անցկացրել 2012-ի մայիսին, միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի շարք խնդիրներ է մատնանշել, որոնք պետք է լուծվեին մինչեւ նախագահական ընտրությունները: Նախագահական ընտրություններում ԺՀՄԻԳ-ը մատնանշել է ընտրական գործընթացի վարչական տեսակետից հետագա բարելավման, այդ թվում’ ընտրացուցակների որակի, լցոնումների որոշ դեպքերի եւ ընտրողների վրա ճնշումներ գործադրելու հարցերում անհրաժեշտությունը: Ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը ցածր է եղել:

Դեռ որեւէ կոնկրետ արդյունք չկա 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ արձանագրված տաս սպանությունների հանգամանքների քննության հարցում: ԵՄ-ն նաեւ իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ այդ իրադարձություններից հետո ոստիկանությունում դաժան վերաբերմունքի եւ արդար դատավարության իրավունքի խախտումների մասին պնդումները քննության առարկա չեն դարձել:

Նշվում է, որ չնայած բարեփոխումներ իրականացնելու շարունակական ջանքերին’ դատական համակարգի հանդեպ վստահությունը շարունակվում է ցածր մնալ, իսկ կոռուպցիայի ընկալումը’ բարձր: 2012-ին սահմանափակ գործողություններ են իրականացվել բարձր մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի համար, ինչի մասին են վկայում կոռուպցիայի հետ առնչություն ունեցած մի շարք անձանց պաշտոններից ազատելը: 

ԵՄ-ն նախկինի պես հորդորում է փակել Մեծամորի ատոմակայանը, քանի որ այն չի կարող նորացվել միջազգայնորեն ճանաչված միջուկային անվտանգության 3 ստանդարտներին համապատասխան:

Ըստ արժանվույն չեն քննվում զինված ուժերում, ինչպես նաեւ բանտում եւ ոստիկանական բաժանմունքներում տեղի ունեցող բռնությունների եւ դաժան վերաբերմունքի դեպքերը: Նշվում է նաեւ, որ 2008 թվականին ստեղծված Հանրային խորհուրդը անարդյունավետ է եւ արհամարհվում է բազմաթիվ առաջատար հկ-ների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում