«Մեղավոր Անուշ» օպերան շուտով Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում

«Այս ողբերգական պատմության մեջ Անուշը «մեղավոր» է, որ բացահայտել է իր սիրո պատմությունը’ չունենալով ոչ ծնողների, ոչ էլ եղբոր թույլտվությունը: Նա իրավունք չունի սիրահարված լինել ու պետք է «պարտադիր ու հարգալից լռություն պահպանի»: Ազգայինն ու ավանդականը այս գործում կարևոր են ու մենք չենք փորձել դա փոփոխել: Փոփոխություն է այն, որ մոնումենտալություն ենք հաղորդել’ 200 մարդ բեմին, երգչախումբ և այլն: Ես միայն փորձել եմ զտել, մաքրել, փոշին եմ հանել». լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Ավեդիքյանը:

Իսկ խորեոգրաֆ, բեմի և հագուստների ձևավորող Նիկոլյա Մյուզենը նշեց,- «Նման բեմականացման միտքը հնարավորություն տվեց շեշտադրել տարածական ընդգրկումը: Բեմի վրա իրար են կապվել մեներգիչներն ու երգչախումբը, երաժիշտներն ու պարողները: Իմ կողմից շատ ավելի զգայական, քան ինտելեկտուալ աշխատանք է կատարվել: Ամեն ինչ անցնում է մեղմ, ինչպես անուշ բառը»:

Նրա և ստեղծագործական խմբի մյուս ներկայացուցիչնեի մասին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց’ բեմականացմամբ զբաղվում են մարդիկ, որոնք լավագույնս տիրապետում են նյութին: Ու մշակույթն այն ոլորտն է, որտեղ պետք է գործակցեն հայ և ֆրանսիացի մասնագետները:

«Թե մտահղացման, թե արտադրության, թե ֆինանսական առումով հավակնոտ ու լավ մտածված նախագիծ ‘ՀՀ և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների, նույն երկրների 2 լավագույն թատրոնների մասնակցությամբ ու համատեղ ֆինանսավորմամբ», – ասաց Անրի Ռենոն:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով միջոցառումն աննախադեպ է ու մտավախություն կար, թե արդյոք «Անուշի» նոր ձևաչափով բեմականացումը հավատարիմ կմնա Թումանյանի պոեմին ու Տիգրանյանի օպերային: Բայց մոտ 2 տարի բանակցություններ էին ընթանում’ ոչ միայն կազմակերպչական, այլև ստեղծագործական ու հեղինակների մանրակրկիտ աշխատանքն էլ հավատ է ներշնչում, որ նոր բեկամանացումը հաջողված կլինի:

«Անուշի» երևանյան պրեմիերան նախատեսված է ապրիլի 26, 27-ին ու մայիսի 3, 4-ին ժամը 19:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում:
Պրեմիերան Փարիզում կկայանա մայիսի 22, 23, 25, 26-ին, Նանտեռի Ամանդյե թատրոնում

Հետևեք մեզ նաև Telegram-ում