Նամակագրական երկխոսությունն ընդունված տարբերակ է համաշխարհային պրակտիկայում.Արտակ Դավթյան

Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանն, այսօր’ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս նամակագրական կապով կարելի է սկսված համարել բանակցությունը Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև:
Ըստ նրա’ Հայաստանում իշխանություն-ընդդիմություն բանակցությունների նամակագրական երկխոսությունն ընդունված տարբերակ է համաշխարհային պրակտիկայում։
«Նամակագրական կապը ևս բանակցությունների ձև է։ Սերժ Սարգսյան- Րաֆֆի Հովհաննիսյան երկխոսությունը հանրային է, ինչը կարևոր է ներկա իրավիճակում»,- ասաց Դավթյանը։ Նա կարևորում է այն պրոցեսները, որ այսօր կատարվում են երկրում, սակայն համոզված է, որ ընդդիմությունը պետք է ձևակերպի այն մեխանիզմները, որոնց միջոցով ցանկանում է բարեփոխումներ անել։
Արտակ Դավթյանը վստահ է, որ ընդդիմության թեկնածուները նույնպես պետք է պաշտոններ ունենան գործադիր մարմնում, քանի որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հասարակության մի հոծ զանգված քվեարկել էր ընդդիմադիր թեկնածուի օգտին։ «Ընդդիմությունը իր քվեների չափով պետք է մասնակցի կառավարման պրոցեսներին։ Բավական է շարժվենք «Հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը’ ոչինչ» կարգախոսով»,- ասաց Դավթյանը։ Նրա խոսքով՝ հանրության մի զգալի հատվածը Հայաստանում այնքան է զարգացել, որ կարողանում է լսելի դարձնել ժողովրդի ձայնը։ Հետևաբար անկախ պաշտոնայների որոշումներից հասարակությունը կարող է պայքարել իր իրավունքների համար։
Մարտի 26-ին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 25-ի նամակին, որտեղ ՀՀ նախագահը հորդորել էր Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և աշխատանքը շարունակել «թուղթ ու գրիչով»։ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունել է Սերժ Սարգսյանի քայլը և ցանկացած ժամի ու ցանկացած ձևաչափով հանդիպելու պատրաստակամություն հայտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում