«Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության եւ արդարության համար» խորագրով կլոր սեղան-քննարկում Մեծ Բրիտանիայում

Մարտի 25-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցավ «Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության եւ արդարության համար» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ կազմակերպված Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի եւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Քննարկումը նախագահեց Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մամուլի, սպորտի եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը։ Արցախյան շարժման 25-ամյակի, սումգայիթյան ողբերգության, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների հետ կապված ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաեւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ Ելույթներից հետո բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին։

Կլոր սեղան-քննարկմանը մասնակցեցին նաեւ Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, համայնքների եւ լորդերի պալատների անդամներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, տարածաշրջանային խնդիրներով զբաղվող վերլուծաբաններ, պատմաբաններ եւ ուսանողներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում