Ապրիլի 9-ը դարձնել համազգային, համաժողովրդական ըմբոստացման օր Երևանում. քաղխորհրդի նիստն Ազատության հրապարակում շարունակվում է

Ինչպես արդեն տեղեկացվել էր, այսօր Ազատության հրապարակում մեկնարկել է Քաղաքացիական բաց խորհրդի հերթական նիստը’ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր համակիրների մասնակցությամբ: Այսօր բանախոսները Պետրոս Մակեյանն («Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն) ու Մանվել Գասպարյանն («Ժողովրդավարական ուղի» կուսակցություն) են:

Մանվել Գասպարյանն իր ելույթի ժամանակ համոզմունք է հայտնել, որ ճիշտ գործը չի կարող իր արդյունքը չբերել:

«Այն բարի գործը, որին լծվել է ժողովրդի ընդվզող զանգվածը, իր պայքարը տանելու է իր տրամաբանական ավարտին, իսկ տրամաբանական ավարտը լինելու է հաղթանակը», ընդգծել է նա:

Բաց խորհրդի մյուս բանախոսն էլ իր հերթին նշեց, որ ստեղծված իրավիճակում պետք է թելադրող լինի ժողովուրդը, բայց քայլերը պետք է արվեն մինչև ապրիլի 9-ը:

«Այն ինչ նախաձեռնել է պարոն Հովհաննիսյանը, կարծում եմ, այդ գործընթացները ճիշտ են գնում: Ես կարծում եմ, որ եթե ժողովրդի կողմից թելադրված երկխոսությունը չստացվի, ապա պետք է ապրիլի 9-ը դարձնել համազգային, համաժողովրդական ըմբոստացման օր Երևանում, մարզկենտրոններում, շրջկենտրոններում, հատկապես այն գյուղերում, որտեղ 90 տոկոսով կեղծել են»,-ասել է Մակեյանը:

«2008-ից հետո ստեղծվեց մի վիճակ, երբ ժողովուրդը հետ քաշվեց, «Հայ ազգային կոնգրեսը» մնաց առանց ժողովրդի, և արդյունքը եղավ այն, որ Կոնգրեսը այդքան պայքարից հետո չմասնակցեց ընտրություններին: Պետք է Րաֆֆին հաշվի առնի այս հանգամանքը», այնցյալի փորձը հիշեցրել է խոսնակը:

Անցյալից դրվագներ հիշելով’ Պետրոս Մակեյանը նշել է նաեւ, որ 1998թ.-ից սկսած միշտ հաղթել է ընդդիմության թեկնածուն: «Այս ընտրությունները տարբերվում են բոլորից: Քաղաքական ուժերը մտածում էին, որ իշխանությունների համար ստեղծվել է շատ լավ առիթ զուռնա դհոլով նշելու իրենց հաղթանակը, և, բարեբախտաբար, Րաֆֆին այդպես չհավատաց, և ժողովուրդը գնաց ու ձայն տվեց նրան», ընդգծել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում