Արկադին

Արկադին

Արցախի հյուսիսում տեղակայված «Եղնիկներ» զորամասի ճանապարհն անցնում էր Ակնաբերդ գյուղի միջով։ Օրն արդեն կիսվել էր, և մենք շտապում էինք ժամ առաջ դուրս գալ Հաթերքից, որպեսզի մինչ մութն ընկնելը հասնեինք Գյուլիստանի դիմաց տեղակայված մարտական դիրքեր։ Հընթացս դեռ պիտի հանդիպեինք Ակնաբերդի գյուղապետին և, որն ամենակարևորն էր, չսխալվեինք ու չշեղվեինք քիչ ծանոթ ճանապարհից։

Ակնաբերդ հասնելուն պես զանգեցի գյուղապետ Համոյին։ Խնդրեց սպասել խանութի մոտ մինչ իր ընկերը դիմավորի և ուղեկցի մեզ իր մոտ։ Րոպեներ անց հեռվում տեսանք ձեռքով մեզ կանչող մի տղայի, ով, սպասելով մինչ մոտենանք, հասնենք իրեն, բարևի փոխարեն պարզապես ներկայացավ։

– Արկադի։

Առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող մոտ երեսուն տարեկան երիտասարդ էր Արկադին։ Մեր ուղղությամբ զննող հայացք նետելուց հետո ձեռքով հրավիրեց ներս անցնել դարպասից և հետևել իրեն։ Տան բակ մտնելուն պես պարզ դարձավ, որ այնտեղ խրախճանք է։ Կրակի կողքը գցված գառան մորթին և պատշգամբից լսվող տղամարդկանց աղմկոտ զրույցը կասկածի տեղ չէին թողնում։ «Բռնվեցինք», ֊ մտածեցի ես` զուգահեռ մշակելով այնտեղից շուտ փախնելու ծրագիրը։

– Բարև Ձեզ, տղերք։ Էս ի՞նչ լավ գործի եք։

– Բարով եք եկել, համեցեք։

– Հրանտ է անունս։ Ես էի քիչ առաջ զանգողը։ Արմանն էլ ընկերս է, ծանոթացեք։

– Համո, Վալերիկ, Արո, ֊ հերթով ներկայացան հավաքվածները, ֊ էս էլ մեր լեգենդար Բոսն է, ֊ ավելացրեց գյուղապետը` ոգևորությամբ ցույց տալով իր կողքը նստած տղամարդկանցից մեկի ուղղությամբ։

– Ուրախ եմ շատ մեր ծանոթությանը, – ասացի ես և, կանխելով տան տերերի հրավերը, դատարկ բաժակ և մաքուր ափսե խնդրեցի։ – Գործով ենք եկել, պետք է շուտ դիրքեր հասնենք։ Եկեք մի հատ «բարով տեսանք» խմենք, գնանք-գանք, երեկոյան հանգիստ կշփվենք։ Մենակ թե պիտի կարճ ճանապարհը ցույց տաք։ Կհասցնե՞նք մինչև մութն ընկնելը «Եղնիկներ» հասնենք։

– Ամեն ինչ էլ կհասցնեք, – ծիծաղով պատասխանեց ներկաներից մեկը՝ լցնելով իմ ու Արմանի բաժակները։

– Արկադիկը հետներդ կգա, ամեն ինչ ցույց կտա։ Որձ տղա է, էս սարերն իրա պես քիչ մարդ է ճանաչում, – ասաց գյուղապետը։

– Շատ լավ, ուրեմն կհասցնենք նաև մի կտոր հաց ուտել։ Առավոտից համարյա բան չենք կերել։ Բարով տեսանք, շատ հաճելի է ծանոթությունը։

Սեղանի շուրջ քիչ-միչ զրուցելուց հետո ճանապարհ ընկանք։ Դեռ գյուղում Արկադիին հարցրեցի, թե ով է, ինչով է զբաղվում։ Ճանապարհը երկար էր, մտածում էի՝ զրուցենք, զբաղվենք։

Շահումյանցի տղա է Արկադին։ Պատմեց, որ երկու եղբայր են, բնակվում են ծնողների հետ։

– Երրորդ գյուղում մի տնակ ենք ստացել Շահումյանից դուրս գալուց հետո։ Ապրելու տեղ չի։ Հաշվի՝ փոքր վագոն։ Քանի փոքր էինք, յոլա էինք գնում։ Բայց դժվար էր շատ։ Սկզբում գյուղացիները մեզ թուրքի պես էին վերաբերվում։ Սաղ օր կռիվ-ղալմաղալ։ Ասում էին՝ սիկ…ր եղեք ձեր Ադրբեջան։ Մենք էլի ոչինչ, երեխա էինք, մեզնից մի քիչ մեծերը փետերով էին գնում խանութ հաց առնելու։ Դե բայց հետո կամաց-կամաց ամեն ինչ տեղն ընկավ։ Ընկերություն, հարևանություն… Նորմալ է։ Բայց քաղաքն իմ համար չէ։ Հայրս էլ չի դիմանում։ Հիմա մայրս ու եղբայրս հիմնականում այնտեղ են ապրում, ես ու հայրս՝ այստեղ։

Արկադիկի հայրը՝ Վալերան, շահումյանցիների համար սիրելի անձնավորություն է։ Երբ 1992թ.-ին խորհրդային զորքերը գրավեցին հայկական այդ անկյունը, Վալերան մնաց Շահեն Մեղրյանի հետ՝ պարտիզանական ջոկատում։ Բազում սխրագործություններ են կատարել նրանք Շահումյանի, Մարտակերտի, Դաշքեսանի և Խանլարի շրջանների անտառներում։ Գրեթե երեք տարի թշնամու թիկունքում նրանք գծում էին Արցախի Հանրապետության այսօրվա սահմանը։ Հիմա էլ, որպես նվիրյալ զինվորական, Վալերան իր ընկերների հետ ծառայում է Հայոց Բանակում։ Զինվորական է նաև Արկադիկի փոքր եղբայրը։

– Պայմանագրային է։ Քարվաճառում է ծառայում։ Ամսվա կեսը դիրքերում է, կեսը՝ տանը։ Ամուսնացած է, էս վերջերս էլ սիրուն տղա ունեցավ, – պատմում է Արկադին։

– Իսկ դու՞։ Ամուսնացած ես, թե՞ գլուխ ես պահում այս անտառներում։

– Ես չէ, – ծիծաղում է, – Դեռ գլուխ եմ պահում։ Էնա մեկը կա, բայց հերը համաձայն չի։ Մտածում է, թե այստեղ պատերազմ է, ասում է. «ու՞ր ուղարկեմ աղջկաս»։ Երևի Ղարաբաղ եկած չի բայց, գիտե՞ս։ Էնա որ խոսում է էլի։ Եսիմ է…

Շատ բաց տղա էր Արկադին։ Թվում էր՝ ոչ մի գաղտնիք չունի։ Պարզ կիսվում էր մտքերով, իրեն մտահոգող հարցերով։ Ասում է, որ ինքը չի ուզում ծառայել, ավելի լավ է գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվի.

– Հենա եղբայրս ու հայրս ծառայում են։ Հերիք է մի ընտանիքի համար։ Եթե ճիշտն ես ուզում իմանաս, ապա ոչ մի ղարաբաղցի կյանքում թույլ չի տա, որ շահումյանցին բարձր դիրքի հասնի։ Ավելի լավ է ինքս իմ գլխի տերը լինեմ, ոչ մեկի հրամանները չկատարեմ։ Կռիվ լինի՝ ուրիշ հարց։ Առաջինը կգնամ։ Ապրիլին էլ եմ գնացել։ Էսպես կոնկրետ էլի՝ գնամ ու մի բան անեմ։ Էս անտառներում տենց մի թուփ չկա, որ չիմանամ։ Ստեղ եմ մեծացել։ Փոքր ժամանակ մի քանի տարի Տոնաշենում ենք ապրել։ Այն կողմերն էլ անգիր գիտեմ։ Որսորդ մարդ եմ, որ մի տեղով մուկ էլ է անցնում, միանգամից իմանում ենք։ Որ ուզեմ, Շահումյան էլ հիմա կգնամ հանգիստ։

– Իսկ չե՞ս ուզում։

– Ախպեր, շատ եմ ուզում։ Միշտ գնում նայում եմ։ Մռավի լանջերից ամեն ինչ երևում է։ Տենց ամիս չի լինում որ չգնամ։ Չեք պատկերացնի, թե ինչքան եմ երազում Շահումյանի մասին։ Էն թռչող սարքերից որ լինի է, ի՞նչ էին կոչվում դրանք… դելտապլան։ Հենց էս սարի գլխից թռնեմ, գնամ Գյուլիստանի մեջտեղում կանգնեմ։ Ո՞վ պիտի նկատի։ Գիշերը գնամ, լուսադեմին հետ գամ։ Ինչ էլ պետք լինի, տեղում կանեմ։ Չծիծաղեք, բայց Շահումյանը հետ վերցնելու մի քանի ծրագիր ունեմ մշակած։ Որ ուզենք՝ մեկից մեկ է։

Արկադիի խոսքերը որքան պարզ, այնքան էլ անկեղծ էին հնչում։ Տղան տարիներ շարունակ լսել է իր հոր, վերջինիս ընկերների և ուրիշ շահումյանցիների պատմություններն իրենց երկրի, գաղթի, պարտիզանական պայքարի և այլնի մասին։ Ինչ որ առումով՝ Արկադին ապրում է այլ իրականության մեջ։Մեքենաների փոխարեն նրան հետաքրքրում են ձիերը, համակարգիչների ու հեռախոսների փոխարեն՝ զենքի տեսակները, քաղաքականության փոխարեն՝ կենդանիների վարքը։

– Ձի շատ եմ սիրում։ Գյուղի ամենալավ ձիերը ձեռքիս տակով են անցել։ Տենց անասուն չկա, որ կես ժամում չենթարկացնեմ։ Ինչքան էլ վայրի լինի ձին՝ կես ժամից վրեն կնստեմ։ Մի երկու ժամ էլ որ զբաղվեմ, դու էլ կնստես։ Պիտի ձևերն իմանաս։

– Անտառոտ ճամփեքում հաճախ եմ ձիեր տեսնում։ Լինում է՝ գիշերվա կես, բնակավայրերից կիլոմետրերով հեռու երամակներ եմ հանդիպում։ Վայրի՞ են, – հարցրեցի ես։

– Չէ, ախպեր։ Սաղ տեր ունեն։ Բայց դե սարերում են պահում։ Կարողա տարիներով գոմ չբերեն։ Ընդունված բան է։ Ծնելու ժամանակներն որ անցնում է, գնում, բերում են, եթե առնող լինի ու ծախում։ Էս ձորերից ամեն տարի գիտե՞ս ինչքան ձի է ծախվում։ Միլլիոններով։

– Թա՞նկ են։

– Հա, ահագին։ Լավ ձիերին մինչև 250 հազար դրամ փող են տալիս։ Ես ձի ունեի, Շահումյանից էինք հետներս բերել, որ նստած անցնում է, սաղ գյուղը նայում էր։ Դրան 300 հազարով եմ ծախել։

– Իսկ երկա՞ր են ապրում ձիերը։

– Մի 35 տարի։ Բայց որ լավ պահես, ավել էլ կապրի։ Ստեղ ձիեր կան, որ Շահումյանից են մարդիկ բերել։ Մինչև հիմա վրեն նստում են, անտառից փայտ-մայտ բերում։

– Բա որ այդպես անտառներում են թողնում, վայրի կենդանիները չե՞ն հարձակվում։

– Որձը չի թողնում, ախպեր։ Եթե խմբում լավ որձ կա, պաշտպանում է։ Ոչ մի գազան չի կարա մոտ գա։ Դրա համար էլ որձ ձիերին լավ գին են տալիս այս կողմերում։ Բայց դե մարդիկ շատ չեն տարբերում էլի՝ որն է լավը, որը՝ ոչ։ Ձին այստեղ գյուղի համար կենդանի է։ Ուրիշ ձև չեն ընկալում ձիերին։

Այդպես զրուցելով հասանք «Եղնիկներ» զորամաս։ Այնտեղ աշխատելու ընթացքում Արկադին գրեթե աննկատ էր։ Շփվում էր զինվորական իր ընկերների և տոնաշենցիների հետ։ Ակնհայտ էր՝ իր ներկայությամբ չէր ուզում խանգարել մեր գործին։ Թեև խանգարելու ոչինչ չկար։ Միայն մեկ պահ միջամտեց՝ ասելով, որ գիտի, թե որտեղ է ընկել Շահեն Մեղրյանին և նրա զինակիցներին տեղափոխող ուղղաթիռը։ Գնացինք այնտեղ, որոշ նկարահնումներ արեցինք և շարունակեցինք մեր գործը։

Ետդարձի ճանապարհին, երբ արդեն ուշ գիշեր էր, Արկադին ուղղորդում էր մեզ անտառների միջով՝ շատ վստահ ասելով, թե որտեղից է պետք աջ թեքվել և որտեղից՝ ձախ։

– Այս անտառներն են իմ կյանքը։ Լինում է գալիս եմ՝ օրերով մնում։ Մեն մենակ։ Ձիով։ Կարող է երեք օր շարունակ ինչ-որ մի բանի մասին մտածեմ։ Ոչ ոք չի խանգարում։ Ուտելիքն ու խմելիքն էլ հենց անտառում եմ գտնում։ Վայրի մարդու պես, – ծիծաղելով շարունակում է իր պատմությունները Արկադին։

– Որսի գնու՞մ ես։

– Հա։ Անպայման։ Ու նաև ձուկ եմ բռնում։

– Ափսոս չե՞ն կենդանիները։

– Հիմա որ կրակես էլ, անտառ չեմ մտնի, Հրանտ ջան։ Ծնելու շրջանն է։ Հենց անտառը կանաչում է, սար եմ գնում։ Որսը կանոններ ունի, որոնք չի կարելի խախտել։ Պետք է այնպես անես, որ բնությանը չվնասես հանկարծ։ Նման հարցերում ես շատ խիստ եմ։ Ազնիվ։ Հազար անգամ եղել է, որ կենդանի եմ տեսել, արդեն պետք է կրակեի, հետո հետ եմ կանգնել։ Սիրուն, ջահել… Հասկանում ես, որ դա չի քո որսը։ Իսկական որսորդներն այդ ամենը լավ գիտեն։ Ես էլ եմ ամեն ինչ անում, որ չսխալվեմ, չվնասեմ…

Այդպես խոսք-զրույցով վերադարձանք Ակնաբերդ։ Գիշերը մնացինք Արկադիկի տանը։ Առավոտյան, երբ արթնացաքն, բակում արդեն ամեն ինչ պատրաստ էր՝ գյուղի պանիր, կարագ և նախաճաշի այլ ուտեստներ։

– Երանություն է, – ասացի ես։ – Քաղաքում այսպիսի առավոտներ չեն լինում։ Ուզում եմ գյուղում ապրել։ Կինս էլ է ուզում, միշտ համոզում է, որ գանք Արցախում ապրենք, այսպիսի անտառոտ մի գյուղում։

– Հրանտ ջան, էդ խելքի մի աղջիկ էլ ինձ համար գտի էլի, – ծիծաղելով խնդրեց Արկադին։

– Բայց ճիշտ ես ասում՝ քաղաքն ու գյուղը շատ են հեռացել իրարից։ Չնայած՝ շատ բաներ արդեն գյուղում էլ նախկինի պես չէ։ Օրինակ, մենք որ փոքր էինք, մեծերի կողքին երբեք չէինք կանգնում։ Չէին թողնում։ Դե մարդ ես՝ կարողա մի բառ էլ էնպես չասեն։ Երեխեքի մոտ, սիրուն չի։ Մեկ-մեկ որ մոտ էին կանչում, հետո սաղ օր հպարտ-հպարտ էինք քայլում գյուղում, որ մեծերի հետ ենք եղել։ Հիմա էլ նման բան չկա։ Գլուխները հեռախոսի մեջ մտցրած գալիս են՝ ոչ ահել կա, ոչ ջահել, – բողոքում էր Արկադին։

Նախաճաշի ընթացքում նա անընդհատ վեր էր կենում, մեկ այգի գնացող ջրի ուղղությունը փոխում, մեկ փայտ կոտրում, մեկ մի այլ թեթև գործ անում։ Մտքումս երազում էի, որ առավոտն այդ որքան հնարավոր է երկար ձգվի։ Բայց պետք էր աշխատել, պետք էր գնալ նոր նկարահանումների։ Նախորդ օրվա պես Արդկադին այդ օրն էլ ուղեկցեց մեզ բոլոր տեղերում։ Եվ կրկին՝ գործի պահին աննկատ էր։ Վերջում պարզապես փոխանակվեցինք հեռախոսահամարներով, միմյանց խոստացանք նորից հանդիպել և բաժանվեցինք։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում