Սերժ Սարգսյանը մեր հաղթանակը կերտողներից է. Ալվարդ Պետրոսյան

«Առավոտ» թերթը զրուցել է Ալվարդ Պետրոսյանի հետ։ Թերթի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով օրերս կայացած ասուլիսի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե մեր երկրում ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է, որի հիմնական պատասխանատուները լրատվամիջոցներն են, Ալվարդ Պետրոսյանը նշել է, որ, իր կարծիքով, գաղջ մթնոլորտը առաջին հերթին մտավորականներին պետք է հասցեագրվեր, նրանց, ովքեր միտք, ճաշակ, բառի, գաղափարի նկատմամբ հարգալից վերաբերմունք կերտողներից են։ Այս կապակցությամբ թղթակիցը հարցրել է, թե ինչով էր պայմանավորված մտավորականների հատուկենտ արձագանքը լրագրողների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, ինչը լայնորեն քննարկվում էր մամուլում։

«Գիտեք, մտավորական կամ լինում են, կամ չեն լինում։ 70 տարիների ընթացքում մեզանում մտավորականների շեղում տեղի ունեցավ։ Մտավորականի «այո» եւ «ոչ» աասելու իրավունքը ձեռքից վերցվեց եւ դեռ չի վերադարձվել…

Կարծում եմ՝ մտածող մարդիկ կան Հայաստանում, որոնք վախեցած են։ Չասեմ՝ ես անվախ եմ այդ մարդկանց համեմատ, պարզապես արդեն ռուբիկոնն անցած քաղաքական գործիչ եմ, հիմա ինձ դժվար է ցավ պատճառել։

Ես ինձ համարում եմ յուրօրինակ դաստիարակոթյուն ստացած մարդ. Իմ հայրն ինձ ասել է՝ ինչ-որ բարձրաձայն չես կարող ասել, ցածրաձայն մի ասա, եւ ես դեռ ընտրություններից առաջ եմ բարձրաձայնել, թե ինչու եմ պաշտպանում Սերժ Սարգսյանին։ Եվ որքան էլ ես խարիզմատիկ, համակրելի մարդ համարեմ Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հանդեպ խորին ակնածանքով, բայց այսօր այս երկրի համար Սերժ Սարգսյանին եմ տեսնում, Րաֆֆի Հովհաննիսյանին համարում եմ կամերային գործիչ։

Սերժ Սարգսյանը մեր հաղթանակը կերտողներից մեկն է։ Այսօր տեղից ելնողը Նժդեհի անունն է տալիս, բայց այն ժամանակ, երբ Նժդեհն էր գործում, նրան իբրեւ թշնամի ընկալողները քիչ չէին։ Մենք մոռանում ենք, որ Լեռնահայաստանը փրկելու հանգույն՝ ճակատագրական էր մեր ժողովրդի համար նաեւ Արցախը փրկելը։ Պատերազմը դեռ չի ավարտվել։ Կուզենայի, որ մեր մտավորականներն այս կտրվածքով նայեին իրադարձություններին եւ գնահատականներն այս համատեքստում տային։

Ի վերջո, տարօրինակ չէ՞, անընդհատ ասում ենք՝ ժողովրդավարություն, բայց միշտ ավելի միապետական ենք, ամեն բան պահանջում ենք մեկ մարդուց՝ հանրապետության նախագահից։ Այդպես չի լինում,համակարգային հարցեր կան, որոնց պատասխանը պիտի համակարգի մասնակիցները տան…»,- մեջբերում է «Առավոտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում