ՀՅԴ-ի համար Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը հստակ չեն

«Առավոտը» գրում է. «ՀՅԴ-ն գնալու՞ է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը հարցին՝ «կապրենք-կտեսնենք»,- երեկ այսպես պատասխանեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Իսկ հնարավո՞ր է ՀՅԴ-ն մասնակցի Ազատության հրապարակում կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը: Այս հարցին էլ Աղվան Վարդանյանը տվեց հետևյալ պատասխանը. «Դուք ինձ կարո՞ղ եք ասել, թե ապրիլի 9-ին որտե՞ղ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես չգիտեմ, թե ապրիլի 9-ին ինչ կլինի: Ընտրություններն ավարտվել են, Դաշնակցությունն արել է հայտարարություններ: Մենք այն տեսակը չենք, որ միկրոֆոն տեսնենք, վազենք, գնանք դա օգտագործենք: Աբսուրդ կլինի, եթե մենք գնանք Ազատության հրապարակում ասենք մի բան, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ այլ բան»:

Նա նաև հիշեց մի միջադեպ՝ ՀՅԴ-«Ժառանգություն» հարաբերություններում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր իր ծրագիրը ներկայացնել, «Ժառանգությունից» ՀՅԴ-ին հարցրել էին՝ հնարավո՞ր է այդ օրը ցանկանան հարթակից ելույթ ունենալ: ՀՅԴ-ում տարակուսել էին՝ թե առանց Րաֆֆիի ասելիքը իմանալու՞: Աղվան Վարդանյանը նկատեց, որ դեռ Րաֆֆի Հովհաննիսյանի ասելիքն ու քայլերը իրենց համար հստակ և տեսանելի չեն. «Մենք այսօր էլ շարժման հետ ենք, ժողովրդի հետ ենք, և եթե ասելիք ունենանք՝ կասենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում