ՀԱԿ երիտասարդները ծաղրուծանակի են ենթարկում Ր. Հովհաննիսյանին

Երեկ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քաղաքական ուժերի մի մասը թեև նշում է, որ ժողովրդի կողքին է, բայց իր հայտարարություններով հակասում է իրեն և վնասում Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժմանը: Ռ. Հակոբյանը մասնավորապես ասել է. «ՀԱԿ խմբակցության որոշ ներկայացուցիչներ իրենց բառապաշարով, իրենց գնահատականներով, ընդհանրապես չեն տարբերվում այն գնահատականներից, որոնք տալիս են ՀՀԿ ներկայացուցիչները»:

Սույն հայտարարությանը «Սիվիլնեթ»-ով արձագանքել է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը. «ՀԱԿ-ը չի մեկնաբանում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը, մեկնաբանել չարժե: Արժե խորհուրդ տալ, բայց քանի որ խորհուրդն էլ ոչ քաղաքական, այլ առողջապահական բնույթ ունի, դրանից էլ ձեռնպահ կմնամ»,-ասել է Մուսինյանը’ ակնարկելով հոգեբույժին այցելելու խորհրդի մասին:

Այնուհետ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանել է. «Մենք արդեն կանխատեսել էինք, որ Երևանի ավագանու ընտրությունների առիթով իշխող ռեժիմի դեմ պայքարի ելած ուժերը իրականում պայքարում են միմյանց դեմ: Իսկ ՀԱԿ նորաստեղծ կուսակցության երիտասարդ ներկայացուցիչները վիրտուալ դաշտում ծաղրուծանակի են ենթարկում Ր. Հովհաննիսյանին և նրա թիմակիցներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում