ԲՀԿ-ն արտահերթ նիստ գումարելու ցանկություն չունի

ԲՀԿ-ն անընդունելի է համարում ՀՀԿ խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը: Այս մասին հայտնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և հավելում, որ ՀՀԿ-ի ներկայացրած նախագիծը շատ ընդհանրական է:
Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ն ներկայացրել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ երկու կետերից բաղկացած առաջարկ, որում առաջնահերթ պետք է լինի անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ինչպես նաև’ սահմանադրական բարեփոխումներին ուղղված աշխատանքների նախաձեռնումը, որը, սակայն, ըստ Ն. Զոհրաբյանի, մերժվել է:
«ՀՀԿ-ն ներկայացրել է շատ ընդհանրական ձևակերպում’ ընտրական օրենսգրքի բարելավում, և ոչ մի կոնկրետ բան, բնականաբար’ ԲՀԿ-ն այդ հայտարարությանը միանալ չի կարող»,- պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով արտահերթ նիստ գումարելուն’ պատգամավորը նկատեց, որ իրենք նման նիստ գումարելու ցանկություն կամ մտադրություն չունեն, սակայն, եթե բոլոր խմբակցությունները նախաձեռնեն, ապա ԲՀԿ-ն պարտադիր կմասնակցի արտահերթ նիստին և իր մոտեցումները կարտահայտի:
Եզրափակելով խոսքը’ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ իշխանությունը պատրաստ չէ կոնկրետ քայլ կատարել, ուստի «ԲՀԿ-ն չի միանա դեկլարատիվ հայտարարության, բարի ցանկությունների հռչակագրին»:
Նախորդող հրապարակում’ ՀՀԿ-ն պատրաստվում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

Հետևեք մեզ նաև Telegram-ում