Եթե կա քաղաքական կամք, ապա հնարավոր է.Րաֆֆի Հովհաննիսյան

Հանրային շահը գտնվում է Ազատության հրապարակում: Այս մասին այսօր’ մարտի 27-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ, մարտի 10-ից հացադուլ անող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, որ եթե իշխանությունը ցանկանա այդ համալիր փաստաթղթի հիման վրա մեկնարկել բանակցությունը, ապա ես պատրաստ եմ եւ որեւէ մտավախություն չունեմ:

Նրա կարծիքով’ փետրվարի 18-ից հաղթանակած դուրս եկած ժողովուրդը եւս պատրաստ է բազմաճակատ պայքարի եւ որեւէ հակասություն չկա: Նախագահի նախկին թեկնածուի կարծիքով Սերժ Սարգսյանի ձայների մեծ մասը կեղծիքի, ստի վրա են հիմնված:

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով’ Հայաստանում միակ լեգիտիմ իշխանությունը ժողովուրդն է, եւ կեղծ պատճառաբանություն է, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր չեն, իրականում, եթե կա քաղաքական կամք, ապա հնարավոր է:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նամակում տեղ գտած որոշ որակումների, նա նշեց, որ որեւէ վիրավորանք չի ընդունում նույնիսկ պաշտոնական նամակներում: Նա չի կարծում, թե իրենց ուղարկած առաջարկը տեքստը հում է, այն համալիր առաջարկ է: Իսկ չարախոսներին, չարաճճի չարակամներին, ովքեր այս ամենը 3-4 պաշտոնի մասին առեւտուր են ներկայացնում, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ չարաչար սխալվել են եւ կոչ անում ընթերցել եւ տեսնել, որ այնտեղ կա իշխանության եւ ժողովրդի միջեւ պատասխանատվության կիսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում