«Քնքուշ լուսնի շուշան-փոշին». Իսահակյան

«Քնքուշ լուսնի շուշան-փոշին». Իսահակյան

Քնքուշ լուսնի շուշան-փոշին
Մաղեց հեզ գետի վըրա.
Մեղմիկ խըշշաց ցորեն, ցողուն,
Սիրտըս անդո՜րր կը ծըփա:

Ուռիները նազա՜ն-ծածա՜ն,
Տերևները կը շընչեն,
Ծիտ ու ծիծեռ ճուղքի վըրան
Վառ երազում կը նընջեն…

Լուռ կը ծորե աստղը շողե՜ր
Ու ծըղրիդը կը ծըղրա.
Քամին կերգե գաղտնի երգե՜ր,
Միտքըս հեռո՜ւ կը սըլանա…

Լուսնակն անցավ, մութը մըթին
Մաղեց հեզ գետի վըրա…
Ծանըր խըշշաց լացող ուռին,
Սիրտըս տըխո՜ւր կը հևա…

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում