Հեքիաթ. «Բարեկենդանը». Թումանյան
Նմանատիպ
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։
Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։
Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։
Կնիկը բարկանում է․
— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։
— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։
Կնիկը հանգստանում է, տանում է պահում։
Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Զեռը դնում է ճակատին ու ձեն տալի․
— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։
Տղեն կանգնում է։
— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։
— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։
— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․
— Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։
— Դե արի տար։
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․
— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։
— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․
— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ։
— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։
— Ա՛յ էն կողմը։
Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։
Գալիս է, հասնում իրեն։
— Բարի օր, ախպերացու։
— Աստծու բարին։
— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։
— Անց կացավ։
— Ի՞նչ ուներ շալակին։
— Եղ ու բրինձ։
— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
— Բավականին ժամանակ կլինի։
— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։
— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
— Բա ի՞նչպես անեմ։
— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։
— Հա՜, էդ լավ ես ասում։
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում