Հայոց ցեղասպանությանը նվիրված «100 համերգ» -ից մեկը Բեռլինում

Անվանի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը և բեռլինաբնակ հայ դաշնակահարուհի Կարինե Գիլանյանի հետ համատեղ վաղը’ մարտի 29-ին, կհնչեցնի հայ և գերմանական երաժշտություն’ «Schwartzsche Villa» սրահում’ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը ներառված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «100 համերգ» նախագծում և կազմակերպվում է «Փյունիկ» հիմնադրամի կողմից:

Համերգին ներկա են գտնվելու Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ԼՂՀ մշտական ներկայացուցիչը և այլ դիվանագիտական ներկայացուցիչներ: Ծրագրում կհնչեն Լ. վան Բեթհովենի, Յ.Ս Բախի, Կոմիտասի, Ա.Բաբաջանյանի, Հ.Դելլալյանի, Բախ/Գ.Կուրտագի ստեղծագործությունները: Ի հիշատակ հայոց ցեղասպանության’ համերգի վերջում տեղի կունենա Հայկ Մելիքյանի’ Դանիել Վարուժանի խոսքերի հիման վրա գրված “Բագինին արձագանքներ” չորս ձեռքի համար ստեղծագործության պրեմիերան:

Համերգային շրջագայությունից հետո երևանյան ունկնդիրը Հայկ Մելիքյանին առիթ կունենա ունկնդրելու Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրային կոնցերտի կատարմամբ’ մայիսի 17-ին’ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր’ Ռուբեն Ասատրյան:
Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից ճանաչված է որպես ժամանակակից երաժշտության լավագույն կատարողներից մեկը, ով իր վառ երևակայությամբ և վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նրա միջազգային բեմելը տեղի է ունեցել 2000թ. Հռոմում’ “Concerto di Concerti” 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային ամերիկաների բազում երկրներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում