«Իմ ընկեր Հրանտը». Նարեկ Գալստյան

Ո՛չ, քավ լիցի, ես Թումանյանը չեմ, ցանկության դեպքում էլ չեմ կարող դառնալ, բայց այ իմ ընկեր Հրանտը Նեսոյից հաստատ պակաս չի, տո Նեսոյից մի քանի գլուխ ավել է: Նեսոն փոքր ժամանակ հեքիաթ գիտեր ու գյուղի անգրագետ երեխեքին պատմում էր տարբեր ֆանտաստիկ պատմություններ, իսկ Հրանտը ոչ միայն հեքիաթներ գիտի, այլ նաև այնպես է երգում ինձ համար տարօրինակ բարբառով, բայց իր պնդմամբ սասունցիական երգեր, որ Նեսոն գլուխը տաս անգամ պատին կտար, պատն էլ գլխին: Ու էդ քրդա, ներեցեք սասունցիական երգերի շնորհիվ մեր կյանքը պարբերաբար այնքան գունեղ է դառնում, որ միայն ես ու ինքը կհասկանանք: Նեսոն, իրականում գող էր, Թումանյանից դանակ գողացավ՝ ձմերուկ կտրելու ժամանակ, իսկ Հրանտն էդ նույն «դանակից» մի քանի հազար հատ պոստեր է տարել, էդ էլ հերիք չի, դեռ ստիպում է, որ ուրիշներն էլ տանեն…

Ուժեղ անձրև է գալիս, հազիվ եմ ոտքից գլուխ թրջված ու անքնությունից հոգնած մարմինս դժգոհ մրթմրթալով քարշ տալիս էս անտեր գերմանական քաղաքում: Աջ ու ձախ եմ նայում ու տաքսի ման գալիս, որ մեզ հյուրանոց հասցնի: Չորս կողմում մարդու շունչ չկա, էս գերմանացիները կայծակնային արագությամբ անհետանում են, երբ անձրև է գալիս ու նույն կերպ «լիս աշխարհք» գալիս, երբ կտրվում է: Գերմանացիների գլուխն էլ քար, Հրանտն էլ չկա: Մի վայրկյան առաջ կար, հիմա՝ չկա, ոչ մի կերպ չեմ գտնում: Անձրևն էլ մտնում է ոսկորներիս մեջ ու ստիպում մարմնիս հիշել, որ տերը, չնայած սովին ու անքնությանը, դեռ ողջ է:

«Ու՞ր գնաց էս տղեն»,-ինքս ինձ մրթմրթում եմ ու հետ քայլում եկած ճանապարհով: Մի քանի քայլ հետո հեռվում տեսնում եմ մեկի ծանոթ սիլուետը, որի ճաղատ գլխից անձրևի կաթիլները վայր են ընկնում, մտնում հագուստի մեջ, բայց կարծես ոչ մի կերպ չեն անհանգստացնում խանութի դիմապակու միջից ինչ-որ բան ուշադիր ուսումնասիրող հսկային:

-Հրա՞նտ, էս ու կորար, մեռանք էս զզվելի անձրևից:

Ձայն չկա, կարծես ո՛չ ինձ է նկատում, ո՛չ էլ անձրևը:

-Հրաաաա՛նտ,-արդեն բարկացած գոռում եմ,-եթե չես նկատել, ասեմ՝ իմանաս, անձրև է գալիս, մենք էլ առավոտից ոչինչ չենք կերել: Կարո՞ղ է ձերդ Մեծությունը թարգի էդ ախմախություններին նայելն ու հետս տաքսի փնտրի:

Զգում եմ, որ լուրջ գործից եմ կտրել: Դժկամությամբ հայացքը նետում է իմ վրա ու, հերիք չի որ ինքն է կանգնած թրջվում՝ մի հատ էլ ինձ է ստիպում մոտենալ երիցս անիծված խանութի դիմապակուն:

-Արի, տե՛ս, ի~նչ եմ գտել:

-Ի՞նչ ես գտել, արի հյուրանոց գնանք, զահլա չունեմ:

-Այ տղա՛, նայի ինչ դռոններ են, սրանցից մի քանի հատ, որ կարողանայինք պոստեր տանենք, տղերքին ահագին օգուտ կտանք:

Մոտս կատաղության նոպա է բռնում: Էս անտեր անձրևն ու սովը հերիք չի, հիմա էլ պիտի կանգնենք ու դռոններ նայենք:

-Հրանտ ջա՛ն, ներեցեք, իհարկե, որ խանգարում եմ, բայց ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, որ Երևանում այս անզուգական ապրանքից կա: Հետո, միգուցե, այնուամենայնիվ, այլ եղանակի ուսումնասիրենք գերմանական ռազմական արտադրության այս անկրկնելի նմուշները:

-Ի՞նչ ես հասկանում,-ձեռքն անհուսալիորեն թափ է տալիս ու քթի տակ դժգոհելով՝ առաջ շարժվում: Հետո մի երկու քայլ է գցում, կրկին վրաս նայում ու կտրուկ հետ շարժվում՝ սպասի գոնե գինը նայեմ…

Երեք-չորս ժամ քնելուց հետո մի կերպ հասանք կայարան: Մոտ 48 ժամ նորմալ չէինք հանգստացել, բայց Մյունստերից Ամստերդամ տանող գնացքը հաստատ մեզ չէր սպասի: Վերջին վայրկյանին փակվող դռներից ներս սողոսկեցինք ու տեղավորվեցինք առաջին իսկ պատահած ազատ աթոռներին՝ դեմ-դիմաց: Ես սովոր շան պես աչքերս փակեցի, որ քնեմ: Երազումս տեսնում էի լավ հյուրանոց, տաք լոգանք, փափուկ անկողին ու… Դե մնացածի մասին գրելն արդեն 18 պլյուս գրականություն կլինի: Էդպես ինքս ինձ համար երազային կոմֆորտ էի ստեղծել, երբ կարծես հեռվից ձայն լսեցի: Ձայնը շատ ծանոթ էր, կամաց-կամաց մոտենում ու խանգարում էր իմ՝ էն 18 պլյուսի պահն ու…

-Նարե՞կ:

-Հը՞,-վեր թռա ես ու դիմացս տեսա Հրանտի չքնած, բայց հիացած ու մի տեսակ մտահոգ հայացքը:

-Նայի ոնց են սրանք իրենց դաշտերը մշակում, մի ազատ տեղ չկա: Մենք ինչի՞ չենք կարողանում նույնն անել: Ղարաբաղի դաշտերում նույն պայմանները ստեղծելը դժվար չի: Էլի հարթավայր է, չնայած, էս սևահողը երևի չկա:

-Դու ինձնից ի՞նչ ես ուզում,-արդեն հունից կամաց-կամաց դուրս եմ գալիս: Իմ սև սիրտ, քո սևահող ու վարելահող: Ես շատ եմ իմանում, ինչի չեն կարողանում:Թող քիչ ուտեն, կարող ա ստացվի:

Մի քանի րոպե լռություն, ես կրկին անջատվում եմ ու հայտնվում իմ հյուրանոցում: Արդեն լավ հանգստացած՝ լոբբիում նստած՝ դաշնամուրի կենդանի երաժշտությունն եմ վայելում՝ վիսկիով ու սիգարով, ամեն ինչ այնքան լուսավոր է, որ անգամ կուրացնում է: Ինքս ինձ մտածում եմ, որ վերջապես կարող եմ հանգստանալ, կոճկում եմ պիջակից վերևի կոճակն ու դանդաղ շարժվում բարի ուղղությամբ, որ կրկին վիսկի պատվիրեմ: Բարմենն արագ լցնում է իմ նախընտրած Black Label-ի 100 գրամը, գցում մեջը մեկ հատիկ սառույցը: Ես զգուշությամբ վերցնում եմ բաժակն ու շարժվում դեպի կաշվե հարմարավետ բազկաթոռը: Տեղավորվում եմ, արձակում պիջակիս կոճակն ու պատրաստվում վայելել վիսկիի անկրկնելի բույրը…

-Նարե՛կ,-կրկին վեր եմ թռնում մոտեցող ձայնից ու մի կերպ բացում ձախ աչքս ու նկատում Հրանտի անքուն, բայց մտախոհ հայացքը:

-Հը՞,-արդեն սպառնալից գոռում եմ ես՝ թքած ունենալով վագոնում նստած մնացած քաղաքակիրթ դեմքերի վրա,-հիմա ի՞նչ է եղել:

-Գիտե՞ս, ուտելը կա ու կա, բայց ախր մեր գյուղացին էլ կրթված չի: Ամեն մեկն իր տան դիմացի բոստանն է ջրում, չեն էլ ուզում իրար միանան, որ մրցունակ ապրանք շուկա հանեն: Ախր դժվար է 500 մետրից նորմալ արտադրանք հանել: Տես, սրանք ինչքան մեծ հողեր ունեն, հո բոլորը մեկինը չէ: Երևի կորպորացիաներ են ստեղծել: Օրինակ, ինչի նույնը Արարատյան դաշտավայրում չենք կարող անել:

Ասում է, ու երազային հայացքը կրկին նետում արագ սլացող գնացքի պատուհանից այն կողմ: Ես էլ արդեն արթնացել ու ոչ թե դաշտերին, այլ ընկերոջս եմ նայում: Ու մտքումս իրեն նախանձում…

Հիմա գրում եմ ու մտածում, որ Կարենին ուղարկեմ, թող Times-ում դնի: Որ Հրանտն իմացավ, հաստատ չի թողնի: Բայց դե Կարենը կդնի, որովհետև ինքն էլ գիտի, թե իրականում ինչքան բարի ու խորը տղա է ՄԵՐ ԸՆԿԵՐ ՀՐԱՆՏԸ…

Նարեկ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում