Տարոն Մարգարյանը շրջել է Կենտրոն համայնքում, ծանոթացել բարեկարգման աշխատանքներին
Նմանատիպ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Կենտրոն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում հետևել է քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետը նախ ծանոթացել է առաջիկայում Հյուսիսային պողոտայում նախատեսվող լայնածավալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների նախագծին: Այնուհետ Տարոն Մարգարյանը այցելել է Շառլ Ազնավուրի հրապարակ և Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածք և հետևել այդ վայրերում իրականացվող սալահատակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Այս աշխատանքները 2013 թվականի զարգացման ծրագրերում են ընդգրկվել քաղաքացիների առաջարկությամբ: Իսկ այս տարի, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կիրականացվի հրապարակների 5080 քմ և մայթերի 21300 քմ սալապատում, ինչպես նաև 86800 քմ մայթերի ասֆալտապատում:
Ծրագրի իրականացումը կդառնա քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակը: Ծրագրի շրջանակում, մասնավոր ներդրումներով, պողոտայի ճեմուղիների բետոնյա ծածկը ամբողջությամբ կփոխարինվի բնական քարով, մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարածքները, կնորացվեն նաև նստարաններն ու արտաքին լուսավորության ցանցը:
«Ազնավուրի հրապարակի և Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքի սալահատակը, վերջին տարիների ընթացքում գրեթե քայքայվել էր: Նշված տարածքները, որոնք երևանցիների համար հանգստի սիրելի վայրերն են, արդեն շատ շուտով բարեկարգ վիճակում կհանձնենք մեր քաղաքացիների տնօրինմանը»,– ասել է Տարոն Մարգարյանը:
«Զուգահեռաբար տարեկան ծրագրով բոլոր վարչական շրջաններում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում նաև մայթերի բարեկարգման ուղղությամբ: Վստահ եմ, որ մի քանի տարվա ընթացքում անբարեկարգ մայթերի խնդիրն ամբողջությամբ դուրս կգա օրակարգից»,- ավելացրել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը հետևել է նաև վարչական շրջանում մեկնարկած բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքին: Ժամանակակից խաղահրապարակներից, զրուցարաններից ու նստարաններից բացի, որոշ բակերում կկառուցվեն նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտեր:
Ի պատասխան բնակիչների գոհունակության, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է պահպանել ու խնամքով վերաբերել կատարած աշխատանքին և հավելել, որ բակերի բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հրազդանի կիրճ՝ մարզասեր երևանցիների կողմից սիրված «չռիկի» տարածք: Այցի առիթը քաղաքապետի կողմից մարզասեր երևանցիներին մարզական գույքի նվիրաբերումն էր:
Նման խնդրանքով քաղաքապետին էին դիմել այս վայրում երկար տարիներ մարզվող երևանցիները: Երևանի քաղաքապետի արձագանքը, ինչպես նշում էին մարզասերները, անսպասելի արագ է եղել:
Տարոն Մարգարյանի անակնկալ նվերից հաճելիորեն տպավորված մարզասերներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ ընդգծելով, որ շատերին են խնդրել օժանդակել այս հարցում, սակայն հարցին լուծում տվեց հենց քաղաքապետը, ընդ որում սեփական նախաձեռնությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում